Ծխախոտի ծուխը օրգանիզմի՝ ինսուլինի նկատմամբ զգայունության մակարդակը նվազեցնելու հատկություն ունի, ինչը պասիվ ծխողների մոտ կարող է քաշի ավելացման հանգեցնել: Այս եզրահանգմամբ ԱՄՆ-ի Յուտա նահանգում գործող Բրայամ Յանգի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են հանդես եկել:
Որոշ մարդկանց թվում է, թե ծխելու սովորության շնորհիվ հնարավոր է նիհար մնալ: Այնինչ իրականում, գիտնականների պնդմամբ, ծխախոտի ծուխը ճիշտ հակառակ ազդեցությունը՝ հավելյալ կիլոգրամների առաջացում է ապահովում: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ պասիվ ծխողները եւս կարող են հիշյալ ազդեցության զոհը դառնալ: Հետազոտության ավագ հեղինակների՝ պրոֆեսորներ Բենջեմին Բիկմանի (Benjamin Bikman) եւ Պոլ Ռեյնոլդսի (Paul Reynolds) գլխավորությամբ գործող գիտնականները, մասնավորապես, ծխախոտի ծխի՝ լաբորատոր մկների նկատմամբ ազդեցությունն են ուսումնասիրել՝ «պասիվ ծխողների» մոտ քաշի ավելացման հաստատումը գտնելու, ինչպես նաեւ նյութափոխանակության գործընթացքում տեղի ունեցած փոփոխություններն արձանագրելու եւ ուսումնասիրելու համար: Բջջային մակարդակի հետազոտության արդյունքում պարզվել է, որ սիգարետի՝ ավելի քան 4000 քիմիական միացություններ պարունակող ծուխը կարող է բջիջների էներգակայանը համարվող միտոխոնդրիաների աշխատանքի խափանման հանգեցնել, ինչն էլ, իր հերթին, բջիջների նորմալ գործառնականության խանգարման եւ ինսուլինի նկատմամբ զգայունության մակարդակի նվազեցման պատճառ է դառնում, հաղորդում է The Daily Mail-ը:
Գիտնականները նաեւ նկատել են, որ կերամիդի մոլեկուլների աշխատանքն արգելափակելու հատկությամբ աչքի ընկնող միրիոցին ընդունած լաբորատոր մկների մոտ, անկախ ծխախոտի ծխի ազդեցությունից, քաշի ավելացում եւ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ի հայտ չեն գալիս:
«Հնարավոր է՝ հետազոտության արդյունքները հավելյալ մոտիվացիա կհաղորդեն այն մարդկանց, որոնք ծխելու սովորությունից հրաժարվելու փորձ են անում. չէ՞ որ պասիվ ծխելու հերթական վնասակար ազդեցություններն են վեր հանվել, որոնց կրողները մեր հարազատներն ու մերձավորներն են հանդիսանում», - ամփոփել է պրոֆեսոր Բենջամին Բիկմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day