• Latest news

«Չիպի վրա ուռուցքը» ցույց է տվել, թե ինչպես կարելի է ստիպել իմունային բջիջներին հաղթել քաղցկեղը․ Nature

27 հոկտեմբերի, 2025  16:36

Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները մշակել են մարդու թոքի քաղցկեղի միկրոինժեներական կենդանի մոդել՝ «ուռուցքը չիպի վրա»։ Այն թույլ է տալիս իրական ժամանակում դիտարկել, թե ինչպես են ձևափոխված իմունային բջիջները փոխազդում պինդ ուռուցքների հետ՝ գտնելով դրանց թույլ կողմերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում։

Այս տեխնոլոգիան կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում CAR-T թերապիան՝ մի մեթոդ, որի դեպքում հիվանդի T-բջիջները ձևափոխվում են ուռուցքային բջիջները ճանաչելու և ոչնչացնելու համար։ Այս մոտեցումն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը լեյկեմիայի և լիմֆոմայի բուժման գործում, սակայն CAR-T-ն վատ է աշխատում պինդ ուռուցքների դեմ։ Գիտնականների խոսքով՝ նման ուռուցքները պաշտպանված են խիտ «միկրոշրջակայքով»՝ անոթների և ազդանշանային մոլեկուլների բարդ կառուցվածքով, որը խոչընդոտում է իմունային բջիջներին ներթափանցել ներս։

Ստեղծված չիպը վերարտադրում է ուռուցքային բջիջների և արյունատար անոթների վարքը մարդու օրգանիզմում։ Գիտնականները տեսել են, որ անոթների էնդոթելային բջիջները քիմիական ազդանշաններ են ուղարկում՝ գրավելով CAR-T-բջիջներին, սակայն այդ ազդանշաններն արագորեն քայքայվում են DPP-4 ֆերմենտի կողմից։

Թիմը բացահայտել է, որ վիլդագլիպտին դեղամիջոցը, որը կիրառվում է երկրորդ տիպի շաքարախտի բուժման համար, կարող է արգելափակել DPP-4-ի գործողությունը և այդպիսով ուժեղացնել ուռուցքի մոտ իմունային բջիջներն ուղղորդող ազդանշանները։ Չիպի վրա կատարված փորձերում թույլ է տվել CAR-T-բջիջների ավելի մեծ թվով ներթափանցել ուռուցքային հյուսվածք և գրոհել քաղցկեղի բջիջները։

«Այս համակարգը թափանցիկ է՝ կարծես պատուհան լինի ուռուցքի և իմունիտետի միջև մարտի դաշտում։ Մենք բառացիորեն տեսնում ենք, թե ինչպես են T-բջիջները ներթափանցում հյուսվածք և խոցում թիրախը»,- նշել է հետազոտության ղեկավար Հա Հուն։

Նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արագորեն փորձարկել CAR-T-թերապիայի ապագա տարբերակները և ընտրել դեղամիջոցներ, որոնք կօգնեն իմունային բջիջներին ավելի արդյունավետ հաղթել քաղցկեղը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll