• Latest news

Սննդակարգում սպիտակուցի պակասը կարող է մորուքի նոսրացման պատճառ լինել․ Daily Mail

28 հոկտեմբերի, 2025  11:43

Տղամարդկանց մոտ նոսր մորուք ունենալու պատճառները կարող են լինել սննդակարգում սպիտակուցների և ճարպերի պակասը, ինչպես նաև դիհիդրոտեստոստերոն հորմոնի նկատմամբ ցածր զգայունությունը։ Այս մասին Daily Mail պարբերականին տված հարցազրույցում հայտնել են մաշկաբան Փոլ Ֆարանթը և դիետոլոգ Ամանդա Սերիֆը։

Ըստ Ֆարանթի՝ դեմքի մազածածկույթի խտությունը կախված է օրգանիզմի զգայունությունից և դիհիդրոտեստոստերոնից (ԴՀՏ), որը տեստոստերոնի ածանցյալն է։ ԴՀՏ-ն առաջանում է հատուկ թիրախային բջիջներում, որոնք առկա են ամորձիներում, շագանակագեղձում, ձվարաններում, ինչպես նաև այլ օրգաններում, ծայրամասային հյուսվածքներում, օրինակ՝ լյարդում, մաշկում, մազային ֆոլիկուլներում։ Այս ցուցանիշը որոշվում է գենետիկայով. որքան ուժեղ է ԴՀՏ-ի նկատմամբ ընկալունակությունը, այնքան խիտ է մորուքը, բայց միևնույն ժամանակ ավելի բարձր է նաև ճաղատանալու ռիսկը։

Բժիշկը նշել է, որ մորուքի աճը կարող են արագացնել հատուկ դեղամիջոցները, սակայն դրանք պետք է կիրառել միայն մասնագետի հսկողության ներքո։ Դիետոլոգ Սերիֆը հավելել է, որ դեպքերի մեծամասնությունում կարող է օգնել սննդակարգի սովորական շտկումը։

«Լավ սնունդը մորուքի լավագույն ընկերն է։ Մազերը բաղկացած են սպիտակուցից, ուստի դրանց աճի համար կարևոր է ստանալ ամինաթթուներ, օրինակ՝ մսից, ձկից, ոսպից և ձվից», - բացատրել է նա։

Բացի այդ, Սերիֆը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել ավելի շատ օգտակար ճարպեր՝ սկումբրիայից, սաղմոնից, ընկույզներից և ավոկադոյից, քանի որ դրանք մասնակցում են հորմոնների սինթեզին։ Վիտամինների և հանքանյութերի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է նաև օգտագործել ոստրեներ, դդումի սերմեր և ամբողջահատիկային մթերքներ։

Մորուքի աճը խթանելու համար սննդային հավելումների ընդունումը անարդյունավետ միջոց է համարվել փորձագետի կողմից։ Բժշկի խոսքով՝ նման սննդային հավելումները կարող են արագացնել մազերի աճը միայն օրգանիզմում հաստատված դեֆիցիտների առկայության դեպքում։ Մասնագետը նաև զգուշացրել է, որ կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ) մազերի համար նախատեսված դեղամիջոցների հետ զուգակցելը վտանգավոր է՝ հիպերվիտամինոզի և ակտիվ բաղադրիչների անհամատեղելիության ռիսկի պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll