Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ տարեց մարդիկ, ովքեր հաճախ երաժշտություն են լսում կամ երաժշտական գործիքներ են նվագում, ավելի հազվադեպ են բախվում դեմենցիայի (թուլամտության) հետ։ Աշխատանքը հրապարակվել է International Journal of Geriatric Psychiatry (IJGP) ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են ASPREE (ASPirin in Reducing Events in the Elderly) նախագծի գրեթե 11 հազար մասնակիցների տվյալները՝ 70 տարեկանից բարձր մարդկանց, ովքեր հետազոտության սկզբում կոգնիտիվ խանգարումների նշաններ չեն ունեցել։ Նրանց դիտարկել են միջինը 4.7 տարի՝ գնահատելով կենսակերպն ու հիշողության վիճակը։
Մոտավորապես երեք տարի անց մասնակիցներին հարցեր են տվել երաժշտական ակտիվության հաճախականության մասին՝ որքան հաճախ են նրանք երաժշտություն լսում կամ գործիքներ նվագում։ Պարզվել է, որ նրանք, ովքեր «միշտ» երաժշտություն էին լսում, 39%-ով ավելի ցածր էին դեմենցիայի զարգացման ռիսկ ունեցել և 17%-ով ավելի ցածր՝ չափավոր կոգնիտիվ անկման ռիսկ, համեմատած նրանց հետ, ովքեր դա անում էին հազվադեպ կամ երբեք։ Մասնակիցները, ովքեր կանոնավոր կերպով երաժշտական գործիքներ էին նվագում, ցուցադրել են 35%-ով ավելի ցածր դեմենցիայի ռիսկ, թեև ավելի թեթև խանգարումների հետ նշանակալի կապ չի հայտնաբերվել։ Նրանք, ովքեր համատեղում էին երաժշտական ակտիվության երկու տեսակները, նույնպես ունեին նկատելիորեն ավելի ցածր ռիսկ ինչպես դեմենցիայի, այնպես էլ կոգնիտիվ թուլամտության համար։
Հետաքրքիր է, որ կրթության մակարդակը ուժեղացնում էր պաշտպանական ազդեցությունը։ 16 և ավելի տարվա ուսում ունեցող մարդկանց մոտ երաժշտության մշտական լսումը նվազեցնում էր դեմենցիայի ռիսկը 63%-ով, մինչդեռ 12-15 տարվա կրթություն ունեցող մասնակիցների մոտ նման կապ չի դիտարկվել։
Գիտնականները նախատեսում են շարունակել աշխատանքը՝ պարզելու համար, թե երաժշտական ակտիվության որ ձևերն ունեն ամենամեծ ազդեցությունը և հնարավո՞ր է արդյոք երաժշտությունն օգտագործել որպես դեմենցիայի դեմ կանխարգելիչ ծրագրերի մաս։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day