Նոր երկարաժամկետ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենօրյա ֆիզիկական վարժությունների քանակի ավելացումը կարող է օգնել դանդաղեցնել ուղեղում Ալցհայմերի հիվանդության հետ կապված վաղ փոփոխությունները։ Հետազոտողները 14 տարի շարունակ դիտարկել են գրեթե 300 տարեց մարդկանց և պարզել, որ այն մարդիկ, ովքեր արդեն ունեցել են բետա-ամիլոիդի բարձր մակարդակ (Ալցհայմերի հիվանդության վաղ նշան), հիշողության և մտածողության ունակությունները ավելի դանդաղ են կորցրել՝ ֆիզիկապես ակտիվ լինելու դեպքում։ Ուսումնասիրության համաձայն՝ ամենօրյա շարժումների նույնիսկ փոքր կամ չափավոր քանակությունը մեծ նշանակություն է ունեցել։ Ընդ որում, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն չափահասների մոտ, ովքեր օրական քայլել են 5000-ից մինչև 7500 քայլ, մտածողության ունակությունները նվազել են երկու անգամ ավելի դանդաղ, քան այն մարդկանց մոտ, ովքեր հիմնականում ավելի պասիվ են եղել։
Բացի այդ, շարժումների քանակի ավելացումը հատուկ օգուտ չի բերել, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ պարտադիր չէ, որ օրական 10 000 քայլ կատարեն արդյունք տեսնելու համար։
Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են «Nature Medicine» ամսագրում, նաև ցույց է տվել, որ ֆիզիկական վարժությունները չեն դանդաղեցնում բետա-ամիլոիդի կուտակումը։ Ընդհակառակը, դրանք կապված են եղել տաուի աճի դանդաղեցման հետ. տաուն ուղեղի ևս մեկ թունավոր սպիտակուց է, որը, փորձագետների կարծիքով, անմիջական դեր է խաղում բջիջների վնասման գործում։
Այսօր գրեթե 7 միլիոն ամերիկացի է տառապում Ալցհայմերի հիվանդությամբ և ակնկալվում է, որ մինչև 2060 թվականը այդ թիվը կկրկնապատկվի։ Չնայած, որ ներկայումս հասանելի են երկու դեղամիջոց՝ «Լեքեմբի»-ն և «Քիսունլա»-ն, հիվանդության ընթացքը դանդաղեցնելու համար, բժիշկներն ասում են, որ կենսակերպի սովորությունները, ինչպիսին ֆիզիկական ակտիվությունն է, դեռևս կարևոր են։
Քանի որ ուսումնասիրությունը զուտ դիտողական բնույթ է կրել, այն չի ապացուցում, որ ֆիզիկական վարժություններն անմիջականորեն կանխում են Ալցհայմերի հիվանդությունը։
Սակայն փորձագետներն ասում են, որ այն հաստատում է ուսումնասիրությունների աճող թիվը, որոնք ցույց են տալիս, որ շարժումը «փոփոխելի ռիսկի գործոն» է, այսինքն՝ դա մի բան է, որը մարդիկ կարող են փոխել՝ ուղեղի առողջությունը բարելավելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day