Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է արևի լույսը կարողանում գործարկել այն մեխանիզմը, որը մաշկի առողջ բջիջները վերածում է քաղցկեղայինի։ Պարզվել է, որ երկարատև ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է YTHDF2 կարգավորիչ սպիտակուցը, որը պաշտպանում է բջիջները բորբոքումից և անվերահսկելի աճից։ Դրա կորուստը գործարկում է ուռուցքների ձևավորման հետ կապված բորբոքային գործընթացները։ Աշխատանքը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում։
Արևն անհրաժեշտ է մարդուն, մասնավորապես՝ վիտամին D-ի սինթեզի համար։ Սակայն հենց ուլտրամանուշակագույն ճառագայթումն է համարվում ռիսկի առանցքային գործոն. ԱՄՆ-ում մաշկի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում դրան։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը վնասում է ԴՆԹ-ն, առաջացնում օքսիդատիվ սթրես և բորբոքում. մեխանիզմներ, որոնք ընկած են սովորական արևային այրվածքի հիմքում։
«Մենք հետաքրքրված էինք, թե ինչպես է ուլտրամանուշակագույն ճառագայթներից առաջացած բորբոքումը նպաստում մաշկի քաղցկեղի զարգացմանը», - ասել է Չիկագոյի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Յու-Յին Հեն։
Թիմը հետազոտել է, թե ինչպես է ուլտրամանուշակագույն ճառագայթումն ազդում ՌՆԹ մոլեկուլների և դրանց աշխատանքը կառավարող սպիտակուցների վրա։ Հատուկ ուշադրություն է գրավել YTHDF2-ը, որը ՌՆԹ-ի վրա քիմիական պիտակներ ճանաչող սպիտակուց է։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից հետո դրա մակարդակը կտրուկ նվազել է։ Փորձերում YTHDF2-ի հեռացումը հանգեցրել է շատ ավելի ուժեղ բորբոքման։
Գիտնականները պարզել են, որ YTHDF2-ը վերահսկում է ՌՆԹ-ի հատուկ չկոդավորող մոլեկուլի՝ U6 snRNA-ի ակտիվությունը։ Նորմալ վիճակում երկու մոլեկուլներն էլ տեղափոխվում են էնդոսոմներ, որտեղ YTHDF2-ը արգելափակում է U6-ը և թույլ չի տալիս նրան գործարկել TLR3 իմունային ընկալիչը, որը պատասխանատու է բորբոքման համար։ Սակայն, երբ YTHDF2-ը քայքայվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով, U6-ն ազատորեն ակտիվացնում է TLR3-ը, ինչը առաջացնում է հզոր բորբոքային ռեակցիա։ Այդ գործոններից մեկը նպաստում է ուռուցքների զարգացմանը։
«Մենք նկարագրել ենք նոր պաշտպանական մեխանիզմ, մի տեսակ հսկողության համակարգ, որը կանխում է չափազանց բորբոքումը և հյուսվածքների վնասումը», - նշել է նա։
Այս բացահայտումը ցույց է տալիս, որ հենց ՌՆԹ-ի և կարգավորիչ սպիտակուցների միջև հավասարակշռության խախտումը կարող է գործարկել մաշկի քաղցկեղի հետ կապված բորբոքումը։ Ապագայում այս մեխանիզմը կարող է հիմք դառնալ ուլտրամանուշակային ճառագայթման ազդեցությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր մեթոդների համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day