• Latest news

Նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի իմունային բջիջների վրա. հետազոտություն

8 դեկտեմբերի, 2025  21:35

Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը մեր իմունային բջիջներում փոխում է հազարավոր գեների գործառույթը: Այդ գեների զգալի մասը ներգրավված է արյան ճնշումը կարգավորող, բորբոքումը նվազեցնող և շաքարի նյութափոխանակությունը վերահսկող մեխանիզմներում:

Այս բոլորը կարևոր գործընթացներ են երկարատև սրտանոթային առողջության համար, The Conversation -ում հրապարակված հոդվածում նշում է Վեստմինստերի համալսարանի քիմիական պաթոլոգիայի ավագ դասախոս Դեյվիդ Կ. Գեյզը:

Վերջերս կատարված հետազոտության ընթացքում չափահաս մասնակիցներին խնդրել են երկու ամիս շարունակ ամեն օր 500 մլ մաքուր պաստերիզացված նարնջի հյութ խմել:

60 օր անց հետազոտողները հայտնաբերել են ավելի քիչ բորբոքմանն առնչվող գեներ, մասնավորապես սթրեսի ժամանակ ակտիվացող NAMPT, IL6, IL1B և NLRP3 գեները, , հաղորդում է Euronews-ը: SGK1 գենը, որն ազդում է երիկամների նատրիումը պահպանելու ունակության վրա, նույնպես ակտիվության նվազում է ցույց տվել: Այս փոփոխությունները համապատասխանում են նախորդ հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումն իջեցնում է երիտասարդների արյան ճնշումը:

Փորձագետների կարծիքով՝ արդյունքները ենթադրում են, որ նարնջի հյութը օրգանզիմը կարգավորող համակարգերում փոքր, բայց նշանակալի փոփոխություններ է առաջացնում, որոնք նպաստում են արյան անոթների լայնացմանը, նվազեցնում բորբոքումը և պաշտպանում սրտի առողջությունը։

Նարինջում պարունակող ֆլավոնոիդ հեսպերիդինի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկությունները վաղուց ճանաչված են։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ բնական բաղադրիչը բարենպաստ ազդեցություն ունի այնպիսի գործընթացների վրա, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, խոլեստերինի հավասարակշռությունը և շաքարի նյութափոխանակությունը։

Մարմնի կազմվածքը ևս ազդում է օրգանիզմի արձագանքի վրա նարնջի հյութի նկատմամբ։ Ճարպի նյութափոխանակությանն առնչվող գեներն ավելի ուժեղ են ակտիվանում ավելորդ քաշ ունեցող մարդկանց օրգանզիմում, մինչդեռ բորբոքմանն առնչվող գեներն ավելի ցայտուն փոփոխություններ են ցույց տվել նիհար մասնակիցների շրջանում։

Ըստ 639 մարդու մասնակցությամբ 15 հետազոտությունների համակարգված ուսումնասիրման՝ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել ինսուլինային դիմադրությունը և LDL խոլեստերինը (Low-density lipoprotein)։ Ինսուլինային դիմադրությունը նախադիաբետի հիմնական ցուցանիշ է, իսկ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց վերաբերյալ մեկ այլ հետազոտության մեջ, նարնջի հյութի օրական մի քանի շաբաթ օգտագործումը փոքր-ինչ նվազեցրել է սիստոլիկ արյան ճնշումը և բարձրացրել HDL (լավ) խոլեստերինը։

Թեև այս փոփոխությունները կարող են փոքր թվալ, դրանք երկար տարիների ընթացքում զգալի ազդեցություն ունեն սրտի առողջության վրա։

Մետաբոլիտների հետազոտությունները պարզել են, որ նարնջի հյութն ազդում է էներգիայի օգտագործման, միջբջջային հաղորդակցության և բորբոքային ուղիների վրա: Մեկ ամիս կանոնավոր օգտագործումից հետո կամավորների մոտ կարճ շղթայով ճարպաթթուներ արտադրող աղիքային մանրէների քանակի աճ է նկատվել: Այդ նյութերը կապված են առողջ արյան ճնշման և ցածր բորբոքման հետ:

Նյութափոխանակության համախտանիշ ունեցող մարդկանց մասնակցությամբ անցկացված հետազոտության ժամանակ նարնջի հյութը բարելավել է էնդոթելային ֆունկցիան, որն առնչվրում է արյան անոթների լայնացման ունակությանը: Էնդոթելային ֆունկցիայի բարելավումը կապված է սրտի կաթվածի ռիսկի նվազման հետ:

Թեև որոշ հետազոտություններ HDL-ի և տրիգլիցերիդների մակարդակի էական փոփոխություններ չեն հայտնաբերել, ընդհանուր միտումն այն է, որ նարնջի հյութը նվազեցնում է բորբոքումը, բարելավում է արյան հոսքը և մեծացնում սրտի հիվանդությունների ռիսկի մարկերները:

Բրազիլիայի նարնջի հյութի գործարանում անցկացված հետազոտությունը պարզել է նաև, որ աշխատողների շրջանում նվազել է խոլեստերին պարունակող մասնիկներն արտացոլող և սրտի կաթվածի ռիսկը մեծացնող apo-B մարկեր մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll