• Latest news

Ինչու՞ ենք մենք ի վիճակի աղանդեր ուտել նույնիսկ չափից շատ ուտելուց հետո. Betsubara

23 դեկտեմբերի, 2025  20:50

Նույնիսկ կուշտ ուտելուց հետո շատ մարդիկ հայտնաբերում են, որ կարող են աղանդեր ուտել։ Այդ երևույթը Ճապոնիայում հայտնի է որպես betsubara՝ «առանձին ստամոքս»։ Չնայած անատոմիապես առանձին բաժանմունք չկա, քաղցրավենիքի համար տեղ ունենալու զգացողությունը բացատրվում է ֆիզիոլոգիական և հոգեբանական մեխանիզմների համադրությամբ, գրում է The Conversation-ը։

Ստամոքսը կարող է ձգվել և հարմարվել։ Սնվելու ընթացքում տեղի է ունենում «ստամոքսային ադոմացիա» (accommodatio, կենսաբանության և բժշկության մեջ եզրույթ, որը նկարագրում է հյուսվածքի կամ օրգանի հարմարվողականությունը փոփոխվող արտաքին պայմաններին -խմբ.). հարթ մկանները թուլանում են՝ ստեղծելով լրացուցիչ ծավալ՝ առանց զգալիորեն մեծացնելու ճնշումը։ Թեթև, քաղցր սնունդը, մասնավորապես՝ պաղպաղակը կամ մուսը, պահանջում է նվազագույն մեխանիկական մշակում, ուստի ստամոքսը կարող է ավելի ընդարձակվել՝ ստեղծելով ազատ տարածքի զգացողություն։

Աղանդեր ուտելու ցանկությունը միաժամանակ ազդում է ուղեղի վրա։ Կա նաև մի երևույթ, որը կոչվում է «հեդոնիկ քաղց»՝ ուտելու ցանկություն հաճույքի համար, այլ ոչ թե ֆիզիոլոգիական քաղցի պատճառով։ Քաղցր սնունդն ակտիվացնում է դոպամինի պարգևատրման համակարգը՝ ուժեղացնելով մոտիվացիան և ժամանակավորապես թուլացնելով հագեցածության ազդանշանները։ Բացի դրանից, զգայական-բնորոշ հագեցածության ազդեցությունը նշանակում է, որ ուղեղն աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունն արդեն սպառված սննդի նկատմամբ. նոր համի ներմուծումը վերականգնում է հետաքրքրությունը և խթանում ախորժակը։

Շաքարավազը և ածխաջրերը արագորեն դուրս են գալիս ստամոքսից և պահանջում են նվազագույն մարսողություն, ինչը նաև թեթևության զգացողություն է ստեղծում աղանդերի համար: Հագեցածության հորմոնները, ներառյալ՝ խոլեցիստոկինինը, GLP-1-ը և YY պեպտիդը, գագաթնակետին են հասնում ուտելուց 20-40 րոպե անց, ուստի աղանդեր ուտելու որոշումը հաճախ ընդունվում է նախքան այդ ազդանշանների լիարժեք ազդեցությունը։

Սոցիալական և մշակութային գործոնները ևս կարևոր են: Աղանդերը ավանդաբար կապված է տոնակատարության, հարմարավետության և պարգևատրման հետ, ինչը մեծացնում է դրա սպասումը և ինչ-որ բան ուտելու ցանկությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի հակված են աղանդեր ուտել սոցիալական իրավիճակներում կամ հատուկ միջոցառումների ժամանակ։

Այսպիսով, հիմնական ուտեստից հետո աղանդեր ուտելու ունակությունը պայմանավորված է ստամոքսում և ուղեղում ֆիզիոլոգիական գործընթացների համալիրով, ինչպես նաև հոգեբանական և մշակութային գործոններով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll