Վերջերս կատարված հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում, գիտնականները գնահատել են, թե արդյոք յուղայնության բարձր և ցածր պարունակությամբ կաթնամթերքի սպառումը տարբեր կերպ է կապված ցանկացած պատճառով առաջացող դեմենցիայի զարգացման երկարաժամկետ ռիսկի հետ: Դեմենցիան մնում է առողջապահական ամենալուրջ գլոբալ խնդիրներից մեկը. ամբողջ աշխարհում դեպքերի թիվն արագորեն աճում է, իսկ մինչև դարի կեսերը սպասվում է դրա եռապատկում: Քանի որ արդյունավետ բուժման մեթոդներ գոյություն չունեն, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կանխարգելմանը, այդ թվում՝ սննդի ազդեցությանը:
Նախկինում կատարված հետազոտությունները, որոնք նվիրված են եղել կաթնամթերքին և դեմենցիայի ռիսկին, հակասական արդյունքներ են տվել: Կաթնամթերքները զգալիորեն տարբերվում են յուղայնությամբ, մշակման եղանակներով և բաղադրությամբ, ինչը կարող է տարբեր կերպ անդրադառնալ ուղեղի առողջության վրա: Նոր տվյալները մատնանշում են, որ կաթնային սննդի ոչ բոլոր տեսակներն են նույն կերպ կապված կոգնիտիվ խանգարումների ռիսկի հետ, սակայն նման հետազոտությունների մեծ մասը դիտողական բնույթ է կրում և թույլ չի տալիս եզրակացություններ անել պատճառահետևանքային կապերի մասին:
Վերլուծության հիմքում ընկած են «Սննդակարգ և քաղցկեղ Մալմյոյում» պրոսպեկտիվ հետազոտության տվյալները, որին մասնակցել են շվեդական Մալմյո քաղաքի 45-ից 73 տարեկան բնակիչները: Սննդակարգը գնահատվել է հետազոտության սկզբում՝ յոթօրյա սննդային օրագրի, մթերքների սպառման հաճախականության հարցաշարի և մանրամասն հարցազրույցի միջոցով: Կաթնամթերքը բաժանվել է հետևյալ խմբերի՝ կաթ, թթվակաթնային մթերքներ, պանիր և սերուցք, իսկ այնուհետև լրացուցիչ դասակարգվել է ըստ յուղայնության:
Մասնակիցներին հետևել են միջինում շուրջ 25 տարի: Այդ ընթացքում հայտնաբերվել է դեմենցիայի ավելի քան երեք հազար դեպք: Բազմաթիվ գործոնների հաշվառումից հետո պարզվել է, որ յուղոտ պանրի և սերուցքի ամենաբարձր սպառում ունեցող մարդիկ դեմենցիայի ավելի ցածր ռիսկ են ունեցել՝ համեմատած նրանց հետ, ովքեր դրանք սպառել են նվազագույն քանակով կամ ընդհանրապես չեն սպառել: Միևնույն ժամանակ, անյուղ կաթնամթերքը որևէ զգալի կապ չի ցուցաբերել դեմենցիայի ռիսկի հետ, իսկ կարագի մեծ քանակությամբ օգտագործումը ասոցացվել է Ալցհայմերի հիվանդության բարձր ռիսկի հետ:
Հեղինակներն ընդգծում են, որ ստացված արդյունքները չեն նշանակում, թե յուղոտ կաթնամթերքն ուղղակիորեն պաշտպանում է դեմենցիայից: Հետազոտությունը դիտողական է, ուստի եզրակացությունները պետք է մեկնաբանել զգուշությամբ: Այնուամենայնիվ, աշխատանքը ցույց է տալիս, որ կաթնամթերքի ազդեցությունը ուղեղի առողջության վրա ավելի բարդ է, քան պարզապես «յուղոտ» և «անյուղ» բաժանումը և պահանջում է հետագա ուսումնասիրություն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day