Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը լույս է սփռում այն հարցի վրա, թե ինչպես կարող է կետոգենիկ դիետան պաշտպանել էպիլեպտիկ նոպաներից և ինչ մեխանիզմներ են ընկած այդ ազդեցության հիմքում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Neurology ամսագրում:
Ածխաջրերի շատ ցածր և ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը (կետոգենիկ) կիրառվում է էպիլեպսիա ունեցող մարդկանց մոտ նոպաների հաճախականությունը նվազեցնելու համար, երբ դեղամիջոցները չեն օգնում: Սակայն գիտնականների համար երկար ժամանակ անհասկանալի է եղել, թե հատկապես ինչու է այն գործում:
Այժմ Վիրջինիայի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողների խումբը հայտնաբերել է առանցքային կենսաքիմիական ուղին, որը կարող է բացատրել այս ազդեցությունը և ճանապարհ հարթել բուժման նոր մեթոդների համար:
Երբ մարմինն անցնում է կետոզի՝ մի վիճակի, որի դեպքում օրգանիզմն ածխաջրերի փոխարեն այրում է ճարպը, արյան մեջ բարձրանում է այսպես կոչված կետոնային մարմինների մակարդակը։ Դրանցից մեկը՝ -հիդրոքսիբուտիրատը, ակտիվորեն փոխազդում է ուղեղի որոշակի ռեցեպտորի (HCAR2) հետ։ Գիտնականները պարզել են, որ այս փոխազդեցությունը հանդարտեցնում է չափազանց գրգռված նյարդային բջիջները՝ նվազեցնելով ցնցումային ակտիվության առաջացման հավանականությունը։
Հենց գերգրգռված նեյրոններն են հաճախ դառնում էպիլեպտիկ նոպաների պատճառ և այս մեխանիզմն օգնում է բացատրել, թե ինչու է կետոգենիկ դիետան արդյունավետ այնտեղ, որտեղ դեղամիջոցներն անզոր են։
Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ այս ռեցեպտորը հիպոկամպում է հանդիսանում՝ ուղեղի այն հատվածում, որտեղից հաճախ սկսվում են ցնցումները, ինչպես նաև միկրոգլիալ բջիջների վրա, որոնք մասնակցում են ուղեղի իմունային պաշտպանությանը։
Հետևաբար, կետոնային մարմինները կարող են ոչ միայն նվազեցնել նեյրոնների գրգռվածությունը, այլև ազդել ուղեղի իմունային միջավայրի վրա։
Այս մեխանիզմի հասկացողությունը կարևոր է ոչ միայն էպիլեպսիայի համար: Հեղինակների կարծիքով՝ սա կարող է օգնել ստեղծել դեղամիջոցներ, որոնք հիվանդներին կտան կետոգենիկ դիետայի առավելությունները՝ առանց ճարպերով հարուստ և ածխաջրերով աղքատ ծանր սննդակարգին խստորեն հետևելու անհրաժեշտության, ինչը շատերի ուժերից վեր է կողմնակի ազդեցությունների և պահպանման դժվարությունների պատճառով: Արդեն նկատվել է, որ որոշ հաստատված դեղամիջոցներ, ներառյալ նիացինը (վիտամին B3), ազդում են նույն ռեցեպտորի վրա, ինչ կետոնային մարմինները, թեև դեռևս հայտնի չէ, թե որքանով է դա արդյունավետ մարդկանց մոտ:
Գիտնականները ծրագրում են հետագայում ուսումնասիրել, թե ինչպես է այս ռեցեպտորն ազդում ուղեղի իմունային բջիջների վրա և ինչպես կարելի է օգտագործել այդ գիտելիքները ոչ միայն էպիլեպսիայի, այլև այլ նյարդաբանական հիվանդությունների թերապիայի համար, ինչպիսիք են Ալցհայմերի հիվանդությունը կամ ցրված սկլերոզը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day