• Latest news

Վարսակի երկօրյա սննդակարգը նկատելիորեն նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը. NatCom

26 հունվարի, 2026  14:30

Բոննի համալսարանի գիտնականները պարզել են, որ վարսակի շիլայով կարճաժամկետ սննդակարգը կարող է զգալիորեն նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications (NatCom) ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 68 մարդ: Որոշ կամավորներ երկու օր շարունակ գրեթե բացառապես կերել են ջրում եփած վարսակի շիլա՝ փոքր քանակությամբ մրգերով կամ բանջարեղենով: Նրանք օրական կերել են մոտ 300 գրամ վարսակ եւ սպառել են սովորական կալորիաների մոտ կեսը: Վերահսկիչ խումբը նույնպես հետեւել է ցածր կալորիականությամբ սննդակարգի, բայց առանց վարսակի:

Վերլուծությունը ցույց է տվել, որ վարսակի շիլայով երկօրյա սննդակարգն ունեցել է ակնառու ազդեցություն: Փորձարարական խմբում ցածր խտության լիպոպրոտեինների (LDL) խոլեստերինի մակարդակը նվազել է միջինը 10 տոկոսով: Նրանք նաեւ կորցրել են մոտ երկու կիլոգրամ, նրանց արյան ճնշումը փոքր-ինչ նվազել է: Այս փոփոխությունները տեւել են մինչեւ վեց շաբաթ, մինչդեռ վերահսկիչ խմբում նյութափոխանակության փոփոխությունն այնքան էլ նկատելի չի եղել:

Գիտնականները նաեւ լրացուցիչ փորձ են անցկացրել. վեց շաբաթվա ընթացքում մասնակիցներն օրական 80 գրամ վարսակ են կերել՝ առանց կալորիականության սահմանափակման: Սակայն այդ ռեժիմը միայն թույլ ազդեցություն է ունեցել խոլեստերինի մակարդակի վրա։

Գիտնականների խոսքով՝ վարսակի ազդեցության մեխանիզմը կապված է եղել աղիքային միկրոբիոմի հետ: Սննդակարգը խթանել է օգտակար մանրէների աճը, որոնք քայքայում են վարսակի բաղադրիչները եւ արտադրում ֆենոլային միացություններ, որոնք ազդում են խոլեստերինի նյութափոխանակության վրա: Միեւնույն ժամանակ, նվազել է նյութափոխանակության հետ կապված մանրէների ակտիվությունը, որը խաթարում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը։

Հեղինակները նշել են, որ վարսակի կարճաժամկետ, բայց ինտենսիվ սննդակարգը կարող է ծառայել որպես խոլեստերինի իջեցման լրացուցիչ ոչ դեղորայքային մեթոդ, չնայած այն չի փոխարինում դեղորայքային թերապիային եւ պահանջում է հետագա հետազոտություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll