Փոքր, սակայն թանկարժեք ներարկում որովայնում, և ճարպը, իբրև թե, հալվում է։ Ժամանակակից դեղամիջոցները խոստանում են զսպել քաղցը և նվազեցնել քաշը։ Իսկ որքա՞ն արագ։ Այս հարցին Bild-ին տված հարցազրույցում պատասխանել է, սրտաբան և սննդաբան, «Շարիտե» կլինիկային առընթեր Գերմանական սրտի կենտրոնի սրտանոթային պատկերագրական բաժանմունքի ղեկավար Բորիս Բիգալկեն։
«Ըստ հետազոտությունների՝ որպես մոտավոր ուղեցույց, երեք ամիս անց միջին քաշի կորուստը սկզբնական քաշից կազմում է մոտ 5-7 տոկոս, վեց ամիս անց՝ մոտ 8-12 տոկոս, իսկ մեկ տարի անց՝ մոտ 12-15 տոկոս»։
Իսկ որքա՞ն է կազմում, եթե վերածենք կիլոգրամների
«Միջին հաշվով, նման բուժման միջոցով հնարավոր է նիհարել մոտ 5 կիլոգրամ 1-2 ամսում, մոտ 10 կիլոգրամ՝ 3-5 ամսում և մոտ 20 կիլոգրամ՝ ավելի քան 6 ամսում։ Այս արժեքները միայն ուղեցույցներ են. ամեն մի բուժառու կարող է տարբեր արդյունքներ ունենալ»։
Քաշի կորստի արագությունը կախված է բազմաթիվ գործոններից, մասնավորապես՝ սկզբնական քաշից, տարիքից, սեռից, սննդից, ֆիզիկական ակտիվությունը, ընդունվող դեղամիջոցներից և նույնիսկ գեներից և նյութափոխանակությունից։
«120 կիլոգրամ քաշ ունեցող մարդը կարող է ակնկալել, որ վեց ամսվա ընթացքում կկորցնի իր քաշի մոտ 15 տոկոսը։ Եթե դադարեցնեք ներարկումները, հավանական է յո-յո ազդեցությունը, ինչը նշանակում է, որ պետք է հետևողականորեն շարունակել»,- պարզաբանում է փորձագետը։
Wegovy-ն, Ozempic-ը, թե՞ Mounjaro-ն
Շուկայում առկա հիմնական դեղամիջոցների միջև ընտրություն կատարելիս «ավելի լավ կամ վատ» որոշում չկա։ Եվրոպայում բժիշկը և բուժառուն համատեղ ընտրում են օպտիմալ տարբերակը՝ ըստ ներկայիս բժշկական հանձնարարականների։ Օրինակ՝ Ozempic-ը հաստատված է 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար և պարունակում է ակտիվ բաղադրիչ սեմագլուտիդ։ Այն կարող է նշանակվել միայն շաքարախտից տառապող անձանց։ Wegovy-ն ևս սեմագլուտիդ է պարունակում, սակայն ավելի բարձր դեղաչափով, քան Ozempic-ը, և հաստատված է ճարպակալումից տառապող մարդկանց քաշի կորստի համար։ Mounjaro-ն, որը պարունակում է ակտիվ բաղադրիչ տիրզեպատիդ, հաստատված է ինչպես 2-րդ տիպի շաքարախտի բուժման, այնպես էլ քաշի նվազեցման համար։
Bild-ի հաշվարկներով՝ բուաժռուները յուրաքանչյուր 10 կիլոգրամի համար վճարում են 210-800 եվրո՝ կախված դեղամիջոցից և դեղորայքի չափաքանակից։ 20 կիլոգրամ նիհարել ցանկացողը պետք է պատրաստ լինի 420- 2180 եվրո վճարել։
Քաշի կորստի համար նախատեսված ներարկումներն ունեն բազմաթիվ հնարավոր կողմնակի ազդեցություններ, դրանց թվում՝ սրտխառնոց, մարսողական խնդիրներ, արյան շրջանառության խնդիրներ կամ նույնիսկ դեպրեսիա։ Հետևաբար, դրանք պետք է օգտագործվեն միայն բժշկի հսկողության ներքո։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day