Վերջերս իրականացված խոշոր հետազոտությունը կասկածի տակ է դրել տարածված այն համոզմունքը, թե սուրճի կանոնավոր օգտագործումը զգալիորեն վատթարացնում է քունը։ PLOS ONE ամսագրում հրապարակված աշխատությունը ցույց է տվել, որ միջին տարիքի մարդկանց մոտ սուրճ խմելու սովորությունը կարող է գրեթե ոչ մի ազդեցություն չունենալ ո՛չ քնի որակի, ո՛չ էլ ցերեկային հոգնածության մակարդակի վրա։
Գիտնականները վերլուծել են շվեդական բնակչության մեծ ընտրանքի տվյալները և համադրել օգտագործված սուրճի քանակը քնի տարբեր ցուցանիշների հետ, ներառյալ՝ դրա որակի սուբյեկտիվ գնահատականը և ցերեկվա ընթացքում քնկոտության զգացումը։
Արդյունքներն անսպասելի են եղել. կոֆեինի կանոնավոր օգտագործման և քնի վատթարացման միջև վիճակագրորեն նշանակալի կապ գրեթե չի հայտնաբերվել։
Նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր սուրճ են խմել ավելի հաճախ և մեծ քանակությամբ, քնի ցուցանիշները միջինում գրեթե չեն տարբերվել նրանցից, ովքեր այն օգտագործել են ավելի հազվադեպ:
Հետազոտողները ենթադրում են, որ բացատրությունը կարող է լինել կոֆեինի նկատմամբ ուղեղի հարմարվողականության մեջ: Երկարատև և կանոնավոր օգտագործման դեպքում օրգանիզմն աստիճանաբար հարմարվում է դրա ազդեցությանը և նյութի խթանող էֆեկտը դառնում է առավել քիչ արտահայտված:
Մասնավորապես, հնարավոր դեր է խաղում ադենոզինի համակարգը. դա այն նեյրոմեդիատորն է, որը մասնակցում է արթուն վիճակի և քնկոտության կարգավորմանը: Ժամանակի ընթացքում այս համակարգի զգայունությունը կարող է փոխվել, ինչը նվազեցնում է քնի վրա կոֆեինի ազդեցությունը:
Այնուամենայնիվ, հեղինակներն ընդգծում են, որ իրենց ստացած արդյունքները չեն նշանակում, թե կոֆեինը լիովին անվնաս է քնի համար։ Նախորդ փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի մեծ չափաբաժինները, հատկապես երեկոյան ժամերին, կարող են կրճատել քնի ընդհանուր տևողությունը, երկարաձգել քնելու գործընթացը և նվազեցնել քնի խորը փուլերի տեսակարար կշիռը։
Հետազոտողների կարծիքով՝ սուրճի ազդեցությունը քնի վրա կարող է շատ ավելի անհատական լինել, քան նախկինում կարծում էին։ Դրա վրա կարող են ազդել տարիքը, գենետիկական առանձնահատկությունները, կոֆեինի սպառման սովորույթները և առողջական ընդհանուր վիճակը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day