• Latest news

Համուսի թաքնված օգտակարությունը. ինչպես է այդ համեղ ուտեստն իջեցնում խոլեստերինը և օգնում նիհարել

27 մարտի, 2026  23:08

Ոչ ոք հաստատ չգիտի, թե ով է հորինել համուսը (ուտեստ, որի գլխավոր բաղադրիչը սիսեռի պյուրեն է -խմբ.): Լիբանանից մինչև Եգիպտոս, Սիրիայից մինչև Թուրքիա՝ Մերձավոր Արևելքի շատ երկրներ հավականում են դեռևս 13-րդ դարից հայտնի այս ուտեստի հեղինակային իրավունքին, գրում է Daily Mail-ը:

Չնայած առողջ սննդի համբավին, սննդակարգ պահպանողներից ոմանք խուսափում են դրանից՝ բարձր կալորիականության և ճարպի պարունակության պատճառով:

Որքա՞ն առողջարար է համուսը

«Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ այն առողջ սնունդ է,- ասում է սննդաբան և հետազոտության հեղինակ Ջեննա Հոուփը: -Այն սպիտակուցի, մանրաթելի և երկաթի հիանալի աղբյուր է, հատկապես թահինի շնորհիվ»:

Նա ասում է, որ առողջ ճարպերն օգնում են ավելի երկար ժամանակ կուշտ զգալ, իսկ մանրաթելը կարևոր է աղիքների առողջության համար՝ այս պահին լայնորեն քննարկվող թեմա:

Ի՞նչ է մտնում համուսի բաղադրության մեջ

Դասական բաղադրատոմսն ունի ընդամենը հինգ հիմնական բաղադրիչ՝ սիսեռ, սխտոր, կիտրոն, թահին և ձիթապտղի յուղ:

100 գ չափաբաժինը պարունակում է մոտ 170 կալորիա՝

8-10 գ ճարպ

11-14 գ ածխաջրեր

մոտ 6 գ մանրաթել

6-8 գ սպիտակուց

Հագեցած ճարպերը 100 գ-ի մեջ կազմում է 2 գ-ից պակաս։

Հաշվի առնելով Առողջապահության ազգային ծառայության (NHS) ուղեցույցները (կանանց համար օրական մինչև 70 գ ճարպ և ​​տղամարդկանց համար մինչև 95 գ), այս չափաբաժինը կատարյալ համապատասխանում է հավասարակշռված օրաբաժնին։

Համուսում պարունակվող ճարպերը հիմնականում մոնո- և բազմաչհագեցած են, որոնք կապված են սրտի առողջության և ճանաչողական գործառույթի բարելավման հետ։

Առողջարա՞ր է արդյոք համուսը

Յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր առավելությունները՝

Սիսեռը հարուստ է բուսական սպիտակուցով։

Թահինը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կապված են քաղցկեղի և Ալցհայմերի հիվանդության ռիսկի նվազման հետ։

Սխտորը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը և խոլեստերինը։

Կիտրոնը հարուստ է C վիտամինով, որը օգտակար է մաշկի համար։

Ձիթապտղի յուղը միջերկրածովյան սննդակարգի կարևոր մասն է կազմում և կապված է սրտի առողջության բարելավման հետ։ Բացի դրանից, կիտրոնի մեջ պարունակվող C վիտամինը բարելավում է թահինից երկաթի ներծծումը։

Սակայն փորձագետը զգուշացնում է. խանութից գնված համուսը կարող է կոնսերվանտներ և հավելումներ պարունակել, ուստի ավելի լավ է ընտրել պարզ բաղադրիչներով ապրանքներ։

Որքա՞ն սպիտակուց կա համուսում

Թեև համուսը չի համարվում բարձր սպիտակուցային սնունդ, այն մնում է լավ բուսական աղբյուր՝ մոտավորապես 6-9 գ 100 գ-ի համար։

Հետևաբար, այն հատկապես տարածված է բուսակերների և վեգանների շրջանում։

(ի դեպ, վեգանի և բուսակերի միջև հիմնական տարբերությունը նրանց սահմանափակումների խստությունն է. բուսակերները միս չեն ուտում, բայց կարող են օգտագործել կաթնամթերք և ձու, մինչդեռ վեգանները լիովին բացառում են ցանկացած կենդանական ծագման մթերք (ներառյալ մեղրը) –խմբ.):

Որքա՞ն ճարպ կա հումուսում

Համուսը պարունակում է մոտ 20% ճարպ, ուստի այն չի համարվում ցածր յուղայնությամբ սնունդ։ Սակայն դրանք հիմնականում ձիթապտղի յուղից և թահինից ստացված «լավ» ճարպեր են, որոնք օգնում են իջեցնել խոլեստերինը։

Ի վիճակի՞ է արդյոք համուսը իջեցնել խոլեստերինը

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական մոտավորապես 160 գրամ սիսեռի օգտագործումը կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակը։

Բացի դրանից, Բրիտանական սրտի հիմնադրամը համուսը ներառում է այն սննդամթերքների ցանկում, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինը բարձրացնող սննդամթերքների նկատմամբ կախվածությունը։

Համուսը հարմա՞ր է արդյոք գրգռված աղիքի համախտանիշից (IBS) տառապող մարդկանց համար

Սիսեռը հարուստ է FODMAP-ներով՝ ածխաջրերով, որոնք կարող են առաջացնել փքվածություն, գազեր և լուծ։

Գրգռված աղիքի համախտանիշից տառապող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրանց ընդունումը 1-2 ճաշի գդալով կամ պատրաստել համուս տանը՝ նվազեցնելով սիսեռի քանակը և ավելացնելով այլ բաղադրիչներ, մասնավորապես՝ գազարը։

Սխտորը ևս կարող է անհարմարություն պատճառել, ուստի այն երբեմն փոխարինվում է սխտորի յուղով։

Համուսը պարունակո՞ւմ է գլյուտեն

Իր ավանդական տեսքով այն գլյուտեն չի պարունակում։ Սակայն կարևոր է ստուգել խանութից գնված տարբերակների բաղադրիչները՝ հնարավոր հավելումների առկայությունը պարզելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll