• Latest news

Կենսաբանություն իմպլանտների փոխարեն. հայտնաբերվել է ատամների վերականգնման ուղին

1 ապրիլի, 2026  15:37

Գիտնականները փորձել են պարզել, թե հատկապես ինչպես է ձևավորվում ատամի արմատը՝ այն հատվածը, որն ատամը պահում է ծնոտի մեջ և ապահովում դրա կայունությունը։

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Oral Science ամսագրում։

Պարզվել է, որ այս գործընթացը շատ ավելի բարդ է, քան թվում է, և կառավարվում է օրգանիզմի ներսում գործող յուրօրինակ «ազդանշանային համակարգի» միջոցով։

Այս համակարգի կենտրոնում երկու սպիտակուցներ են՝ Gli2-ը և Gli3-ը, որոնց կարելի է պատկերացնել որպես կարգավորողների կամ «դիսպետչերների», որոնք համակարգում են բջիջների աշխատանքը։

Ատամի աճի ժամանակ բջիջները պետք է ոչ միայն ակտիվորեն բազմանան, այլև «հասկանան», թե կոնկրետ ինչի պետք է վերածվեն՝ օրինակ՝ դենտին, կապաններ կամ ոսկրային հյուսվածք ձևավորող բջիջների։ Հենց Gli2-ն ու Gli3-ն են նրանց տալիս այդ հրահանգները։ Երբ գիտնականները փորձի ժամանակ «անջատեցին» այս սպիտակուցներից մեկը, լուրջ փոփոխություններ գրեթե տեղի չունեցան։ Սակայն, երբ խաթարվեց երկրորդի աշխատանքը, ատամների արմատները զգալիորեն կարճացան ու թուլացան։ Իսկ այն դեպքում, երբ բացակայում էին երկու սպիտակուցներն էլ, զարգացումը գրեթե կանգ էր առնում. բջիջներն ավելի վատ էին բազմանում, կորցնում էին ճիշտ մասնագիտանալու ունակությունը, և արմատը սխալ էր ձևավորվում։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս սպիտակուցները ոչ միայն ուղղակիորեն կառավարում են բջիջները, այլև վերահսկում են օրգանիզմի կարևոր ազդանշանային համակարգերի միջև կապը, որոնցից էլ կախված է հյուսվածքների զարգացումը: Երբ այդ կապը խաթարվում է, աճի ամբողջ գործընթացը սկսում է ընթանալ սխալներով: Այնուամենայնիվ, փորձի ընթացքում հետազոտողներին հաջողվել է մասնակիորեն «շրջանցել» խնդիրը. նրանք արհեստականորեն ակտիվացրել են այդ ազդանշանային համակարգերից մեկը և տեսել, որ արմատի աճը մասնակիորեն վերականգնվում է, իսկ բջիջները կրկին սկսում են զարգանալ ավելի ճիշտ ուղղությամբ:

Այս բացահայտումը կարևոր է ոչ միայն հիմնարար գիտության տեսանկյունից։ Այն հստակ պատկերացում է տալիս, թե ինչու են որոշ մարդկանց մոտ առաջանում ատամների բնածին խնդիրներ, և, որ ավելի կարևոր է, հեռանկարներ է բացում ապագա բուժման համար։ Եթե հաջողվի սովորել կառավարել նման մեխանիզմները, ապագայում հնարավոր կլինի ոչ թե պարզապես փոխարինել վնասված ատամները իմպլանտներով, այլ խթանել օրգանիզմին, որպեսզի այն ինքնուրույն վերականգնի դրանք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll