Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սաունայում լոգանք ընդունելը կարող է ժամանակավորապես բարձրացնել լեյկոցիտների՝ արյան սպիտակ գնդիկների մակարդակը: Լեյկոցիտները կարևոր դեր են խաղում օրգանզիմը վարակներից և հիվանդություններից պաշտպանելու գործում:
Սաունայում 30 րոպե անցկացրած և սառը ցնցուղի տակ կարճատև ցայված հետազոտության մասնակիցները շրջանառվող լեյկոցիտների բոլոր տեսակների աճ են ցույց տվել: Հիմնական իմունային բջիջները, մասնավորապես՝ նեյտրոֆիլները և լիմֆոցիտները, սեանսից հետո 30 րոպեի ընթացքում վերադարձել են սկզբնական մակարդակին:
Դա վկայում է, որ սաունայում լոգանք ընդունելը հյուսվածքներից մոբիլիզացնում է լրացուցիչ լեյկոցիտներ արյան մեջ՝ նրանց հնարավորություն տալով ավելի արդյունավետորեն հսկել օրգանզիմը՝ նախքան պահեստ վերադառնալը: Իմունային բջիջների նմանատիպ մոբիլիզացիա է նկատվում նաև վարժությունների ժամանակ և օգնում է բարելավել ընդհանուր իմունային պաշտպանությունը:
Գիտնականները միաժամանակ չափել են ցիտոկինների մակարդակը, որոնք ներգրավված են իմունային պատասխաններում: Ընդհանուր առմամբ, ցիտոկինների մակարդակը քիչ է փոխվել, սակայն որոշ փոփոխություններ կապված են եղել այն աստիճանի հետ, որով սաունայի սեանսի ընթացքում մասնակիցների մարմնի ջերմաստիճանը բարձրացել է: Լեյկոցիտների քանակի և ջերմաստիճանի փոփոխությունների միջև նմանատիպ կապ չի նկատվել:
Թեև սաունայից օգտվելը մի շարք դրական ազդեցություններ է թողնում, այդ հետազոտությունը գնահատել է միայն մեկ սեանսի անմիջական արդյունքը։ Առողջության վրա երկարաժամկետ ազդեցությունը հետագա հետազոտություն է պահանջում։
Հետազոտությանը մասնակցել է 51 չափահաս, որոնց միջին տարիքը 50 է։ Արդյունքները հրապարակվել են Temperature հանդեսում, որը նվիրված է մարմնի ջերմաստիճանի կարգավորման ֆիզիոլոգիային։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day