• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում TULSA թերապիայից հետո ավելի արագ են վերականգնվում, քան ռոբոտացված վիրահատությունից հետո

15 ապրիլի, 2026  00:54

Նոր կլինիկական փորձարկումը ցույց է տվել, որ տեղայնացված, միջին ռիսկի շագանակագեղձի քաղցկեղից տառապող տղամարդիկ ստանդարտ ռոբոտացված պրոստատէկտոմիայի համեմատ TULSA-ով (մագնիսառեզոնանսային շերտագրությամբ ուղղորդվող տրանսուրետրալ ուլտրաձայնային աբլացիա) բուժումից հետո ավելի արագ են վերականգնվում և ավելի կարճաժամկետ կողմնակի ազդեցություններ են ունենում։  

CAPTAIN հետազոտությունը, որը ներկայացվել է Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ընկերության 2026 թվականի տարեկան հանդիպմանը, ընդգրկել է  2022-2025 թվականներին 23 բժշկական կենտրոններում ապաքինված 212 բուժառու։ Մասնակիցները պատահականորեն նշանակվել են կամ TULSA-ով, կամ շագանակագեղձի ռոբոտացված հեռացման (prostatectomy)։

Արդյունքները ցույց են տվել, որ TULSA-ով ապաքինված բուժառուներն ավելի քիչ արյան կորուստ են ունեցել, ավելի հաճախ են նույն օրը դուրս գրվել, ավելի քիչ ցավ են ունեցել և կարողացել են ավելի արագ վերադառնալ իրենց բնականոն գործունեությանը մեկ ամսվա ընթացքում։ Վիրահատության ենթարկված բուժառուները ավելի հաճախակի հոսպիտալացման կարիք են ունեցել և ավելի դանդաղ են վերականգնվել։

Հետազոտողները նշում են, որ չնայած քաղցկեղի վերահսկման գործում շագանակագեղձի վիրաբուժական հեռացման արդյունավետությանը, այն կարող է հանգեցնել երկարատև բարդությունների, մասնավորապես՝ անմիզապահության և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա)։ TULSA մեթոդը օգտագործում է  մագնիսառեզոնանսային շերտագրության ուղղորդում և միզուկի միջոցով մատակարարվող ուլտրաձայնային էներգիա՝ ուռուցքային հյուսվածքը ճշգրիտ ոչնչացնելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա կառուցվածքների վնասը, օգնելով պահպանել միզասեռական համակարգի գործառույթը։

Փորձագետներն ընդգծում են, որ վերականգնման արագությունը կարևոր գործոն է բուժման ընտրության հարցում՝ երկարաժամկետ արդյունավետության հետ մեկտեղ։ CAPTAIN հետազոտությունը նպատակ ունի ստանալ հուսալի տվյալներ՝ բուժառուներին և բժիշկներին օգնելու համար՝ ավելի տեղեկացված որոշումներ ընդունել։

Հետագայում նախատեսվում է 10-ամյա հետազոտություն՝ հիվանդության երկարաժամկետ վերահսկումը, միզուղիների և սեռական ֆունկցիան, ինչպես նաև լրացուցիչ բուժման անհրաժեշտությունը գնահատելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll