• Latest news

«Բնական» և «օգտակար» պիտակավորումներն ավելի շատ շփոթեցնում են գնորդներին, քան օգնում նրանց

16 ապրիլի, 2026  01:17

Նոր հետազոտությունը ցույց է տվելս, որ փաթեթի առջևի մասում (FOP) պիտակավորումները միշտ չէ, որ օգնում են սպառողներին ավելի առողջ ընտրություն կատարել, քանի որ «բնականության» և վերամշակման աստիճանի մասին նրանց ընկալումները առաջվա պես ուժեղ ազդեցություն ունեն գնումների վրա։

Առողջ սնունդ արտահայտությունն ավելի լայն հասկացություն է, քան սոսկ սննդանյութերի լրակազմը

Առողջ սննդակարգը սովորաբար ներառում է մրգերի, բանջարեղենի և ամբողջահատիկների հավասարակշռություն՝ միաժամանակ սահմանափակելով շաքարը, աղը և վնասակար ճարպերը։ Հաճախ օրինակ են մեջբերում միջերկրածովյան սննդակարգը, թեև այն ներառում է նաև աղի և ճարպի բարձր պարունակությամբ սնունդ, մասնավորապես՝ խոզապուխտը և թխվածքները։

Դա ցույց է տալիս, որ «առողջ սնունդը» բարդ հասկացություն է, որը իր բաղադրիչների շրջանակից դուրս է տարածվում։ Ոչ մի առանձին ապրանք չի կարող միանշանակորեն պիտակավորվել իբրև «լավ» կամ «վատ». ավելի կարևոր է ընդհանուր օրաբաժինը։ Նմանապես կարևոր են կենսակերպը և սննդակարգի բազմազանությունը։

Սննդամթերքի առողջ լինելու ընկալումը կախված է դրանց կատեգորիայից, բաղադրիչներից, պիտակավորումից, օրգանական ծագումից, համային հատկանիշներից և վերամշակման աստիճանից։

Բացի դրանից, կարևոր են նաև ​​առողջության անհատական առանձնահատկությունները. օրինակ՝ կաթնամթերքը հարմար չէ լակտոզայի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցողների համար, իսկ գլյուտենը՝ ցելիակիա ունեցողների համար: Նույնիսկ բարձր կալորիականությամբ սննդամթերքները, մասնավորապես՝ սև շոկոլադը, կարող են առողջարար համարվել չափավոր օգտագործման դեպքում։

Վերամշակված և բնական սննդամթերք

Դժվարություններ են ի հայտ գալիս նաև սննդի վերամշակման աստիճանը գնահատելիս: Մշակումն ինքնին արտադրանքը վնասակար չի դարձնում, և վերամշակման մակարդակի և առողջությանը հասցված վնասի միջև ուղղակի կապ չկա։

Որոշ վերամշակված սննդամթերքներ պարունակում են աղի, շաքարի և հագեցած ճարպերի բարձր մակարդակ, սակայն մյուսները, ընդհակառակը, վերամշակվում են իրենց սննդային արժեքը բարձրացնելու համար՝ օրինակ՝ հարստացնելով վիտամիններով կամ վնասակար նյութերից ազատելով։

«Բնական» սննդամթերքը միշտ չէ, որ ավելի անվտանգ կամ առողջարար է: Որոշ դեպքերում վերամշակված սննդամթերքը կարող է ավելի նվազ թունավոր լինել, քան իրենց բնական համարժեքները: Սակայն սպառողները հաճախ սխալմամբ բնականությունը կապում են առողջության համար օգտակարության հետ։

Փաթեթավորման վրա պիտակավորման համակարգերը

Տարբեր երկրներ օգտագործում են տարբեր FOP պիտակավորման համակարգեր, որոնք օգնում են արագ գնահատելու ապրանքի օգտակարությունը: Դրանք կարող են մատնանշել ապրանքի ընդհանուր գնահատականը, ընդգծել որոշակի «խնդրահարույց» սննդանյութեր կամ երկու մոտեցումներն էլ համատեղել։

Պիտակավորման համակարգերի տեսակները

Որոշ համակարգեր գունային կոդավորում են կիրառում (օրինակ՝ Nutri-Score), մինչդեռ մյուսները՝ խորհրդանիշներ կամ վարկանիշներ: Չմեկնաբանվող համակարգերը թվային տեղեկություն են տրամադրում, իսկ հիբրիդային համակարգերը համատեղում են գույներն ու թվերը:

Գոյություն ունեն նաև էկոլոգիական պիտակներ (օրինակ՝ Enviroscore) և «բնականության» ինդեքսներ: Ընդսմին, այդ բոլոր համակարգերը տարբերվում են մեթոդաբանությամբ և չեն զերծ քննադատությունից:

Ընդ որում, պարզ ձևաչափերը՝ գույները, խորհրդանիշները և «ցածր» կամ «բարձր» կարգի բառերը, ավելի հեշտ են ընկալվում, քան թվերը:

Պիտակավորման առավելությունները

FOP պիտակավորումը սննդի մասին տեղեկությունը ավելի ակնառու և հասկանալի է դարձնում: Այն նպաստում է ավելի արագ որոշումներ ընդունել և կարող է արտադրողներին խրախուսել բարելավելու արտադրանքի կազմը:

Պիտակավորման սահմանափակումները

Ընդսմին, դրա ազդեցությունը երկարաժամկետ վարքագծի և առողջության վրաայդպես էլ  անհասկանալի է մնում: Սպառողների ընտրության վրա ազդում են ոչ միայն պիտակները, այլև գինը, գովազդը, անձնական նախասիրությունները, մշակույթը և գիտելիքների մակարդակը:

Բացի դրանից, մասնագետները նշում են, որ նման համակարգերը պարզեցնում են բարդ արտադրանքի կազմը: Սպառողներից ոմանք միաժամանակ չեն վստահում կառավարության կամ արդյունաբերության մշակած պիտակավորումները:

Հեռանկարներ

Արդյունավետությունը բարձրացնելու համար պիտակավորումը պետք է հաշվի առնի սպառողների ընկալումները: Անհրաժեշտ են առավել ճշգրիտ և ստանդարտացված համակարգեր՝ արտադրանքի սննդային, վերամշակման և շրջակա միջավայրի ասպեկտներն արտացոլելու համար:

Լուծումը տեղեկության մատուցումը պարզեցնելու, ոչ թե կրճատելու մեջ է: Անհրաժեշտ են ավելի խիստ կանոնակարգեր և պիտակների ավելի հստակ ձևավորում, ինչպես նաև սպառողների գրագիտության բարձրացում, որպեսզի նրանք ի վիճակի լինեն ճիշտ մեկնաբանել տեղեկությունը՝ առանց սոսկ «բնական» կամ «առողջ» եզրույթներին ապավինելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll