• Latest news

Սմուզիներ, հյութեր, թե՞ ամբողջական միրգ. Ո՞րն է միրգ ուտելու ամենաառողջ ձևը

20 ապրիլի, 2026  17:48

Ցանկացած առողջ սննդակարգի առանցքային բաղադրիչներից մեկը մրգերն ու բանջարեղենն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 10 տարեկանից բարձր բոլոր անձինք պետք է ձգտեն օրական օգտագործել առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն։

Մրգերը հիմնականում ուտում են ամբողջական ձևով, խմում հյութի տեսքով կամ ավելացնում սմուզիների մեջ, սակայն այս տարբերակները հավասարապես օգտակար չեն։

Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը վերլուծել է ամբողջական մրգերի, մրգահյութերի ու սմուզիների սպառման և առողջական տարբեր ցուցանիշների միջև առկա կապը։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 400 մարդ, որոնց հարցրել են մրգերի ամենօրյա օգտագործման սովորությունների մասին և բաժանել չորս խմբի՝ քիչ քանակությամբ միրգ սպառողներ, հյութերի սիրահարներ, սմուզիների սիրահարներ և ամբողջական տարբերակով միրգ օգտագործողներ։

Գիտնականները պարզել են, որ ընդհանուր առողջական վիճակի վատթարագույն ցուցանիշները գրանցվել են միրգ չօգտագործողների խմբում, իսկ բացասական ցուցանիշներով երկրորդ տեղում հայտնվել են հյութերի սիրահարները, հայտնում է Euronews-ը։

Հազվադեպ ձևով մրգեր սպառողների շրջանում առավել հաճախ հանդիպել են հիպերտոնիան և սիրտ-անոթային հիվանդությունները, իսկ հյութերի սիրահարների խմբում՝ խոլեստերինի բարձր մակարդակն ու դիաբետը։

Մարմնի զանգվածի միջին ինդեքսը (ՄԶԻ) նույնպես ավելի բարձր է եղել հյութեր նախընտրողների կամ քիչ քանակությամբ միրգ սպառողների շրջանում՝ համեմատած այն մասնակիցների հետ, ովքեր հաճախ ընտրել են ամբողջական մրգերն և սմուզիները:

Պարզվել է, որ մրգերի օգտագործման եղանակը կապված է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության ցուցանիշների հետ: Այն մարդիկ, ովքեր գրեթե միրգ չեն ուտում կամ նախապատվությունը տալիս են հյութերին, անցած տարվա ընթացքում ավելի հաճախ են հայտնել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին, քան նրանք, ովքեր շեշտը դրել են ամբողջական մրգերի և սմուզիների վրա:

Պարզվել է, որ հյութերի սիրահարների շրջանում գրանցվել է էներգիայի ամենացածր մակարդակը և քնի վատթարագույն որակը: Հետազոտողների խոսքով՝ սա համահունչ է այն փաստին, որ մրգահյութերն ապահովում են նվազագույն էներգիա և, ի տարբերություն մրգերի սպառման այլ ձևերի, գրեթե չեն առաջացնում հագեցվածության զգացում:

Մրգերը կենսական նշանակություն ունեցող սննդանյութերի, բջջանյութի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր են, որոնք նպաստում են առողջության ընդհանուր ամրապնդմանը, մարսողությանը, օրգանիզմի պաշտպանական ուժերի հզորացմանը և օգնում են կանխարգելել քրոնիկ հիվանդությունները:

Այնուամենայնիվ, ամբողջական մրգերի օգտակար բաղադրիչների մի մասը զգալիորեն կորչում է, երբ դրանք վերամշակվում են հյութի:

Սմուզիների պատրաստման դեպքում բջջանյութը պահպանվում է, իսկ որոշ սննդանյութերի, օրինակ՝ վիտամին C-ի և ֆոլաթթվի կենսամատչելիությունը կարող է նույնիսկ բարձրանալ՝ ապահովելով ընդհանուր առմամբ ավելի լիարժեք սնուցում, քան հյութը:

Հեղինակները նշում են, որ քանի որ առողջ ապրելակերպն ի զորու է կանխարգելել բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդություններ (ՈՎՀ), կարևոր է հստակ սահմանել սննդակարգի այն առավել արդյունավետ մոդելները, որոնք նվազագույնի են հասցնում այդ հիվանդությունների զարգացման ռիսկը:

Փորձագետները միակարծիք են՝ գլխավորն ուռելիքի չափաբաժինն է:

Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) խորհուրդ է տալիս սահմանափակել մրգային և բանջարեղենային հյութերի ընդհանուր սպառումը օրական մինչև 150 մլ-ով:

Այնուամենայնիվ, հյութերի և սմուզիների օգտակարությունը մեծապես կախված է այն բանից, թե ինչպիսի մրգեր են օգտագործվում դրանց պատրաստման համար։

Ցիտրուսային մրգերը վիտամին C-ի հարուստ աղբյուր են, հապալասը հայտնի է իր հակաօքսիդանտ հատկություններով, վիտամին C-ի և K-ի, բջջանյութի ու մանգանի բարձր պարունակությամբ, իսկ լոռամիրգն իր պրոանտոցիանիդինների (PAC) շնորհիվ, վաղուց կիրառվում է միզուղիների կրկնվող վարակների կանխարգելման նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll