• Latest news

Լուծվող մանրաթելային հավելումը կարող է վատթարացնել լյարդի ճարպային հիվանդությունը․ MNFR

29 ապրիլի, 2026  14:01

Էդիթ Քոուենի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սննդակարգում մրգերի և ընկուզեղենի առկայությունը զգալիորեն նվազեցնում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման վտանգը։ Հատկանշական է, սակայն, որ լուծվող բջջանյութի հավելումները ոչ բոլոր դեպքերում են օգտակար. որոշակի պայմաններում դրանք կարող են նույնիսկ վատթարացնել հիվանդի վիճակը։ Հետազոտության մանրամասները հրապարակվել են Molecular Nutrition and Food Research (MNFR) ամսագրում։

Այս հիվանդությունն այսօր աշխարհում ամենատարածվածներից է և հանդիպում է բնակչության շուրջ 38%-ի մոտ։ Այն սովորաբար ուղեկցում է ավելորդ քաշին, շաքարային դիաբետին ու զարկերակային բարձր ճնշմանը՝ պատշաճ բուժման բացակայության դեպքում հանգեցնելով լյարդի քաղցկեղի կամ անբավարարության։

Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել էլլագաթթվին՝ բնական միացություն, որով հարուստ են նուռը, հատապտուղները, խաղողն ու հունական ընկույզը։ Պարզվել է, որ իր հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ այս նյութը կանխում է լյարդի հյուսվածքների վնասումը և պաշտպանում օրգանը։

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ էլլագաթթուն ոչ միայն դանդաղեցնում է հիվանդության զարգացումը, այլև կարող է վերականգնել արդեն իսկ վնասված հյուսվածքների մի մասը։ Այնուամենայնիվ, գիտնականները շեշտում են, որ դրական արդյունքի հասնելու համար կարևոր է սննդակարգի բաղադրիչների համալիր ազդեցությունը։

Հետազոտությունն արձանագրել է նաև մեկ այլ՝ մտահոգիչ փաստ, որը վերաբերում է հանրահայտ ինուլին հավելումին։ Չնայած այս բջջանյութը լայնորեն կիրառվում է որպես օգտակար պրեբիոտիկ, փորձերը ցույց են տվել, որ առանց այլ օգտակար նյութերի օգտագործվելու դեպքում այն կարող է վտանգավոր լինել։ Մասնավորապես, այն հանգեցրել է քաշի ավելացման, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման և լյարդի վնասվածքների խորացման։

Մասնագետների կարծիքով՝ այս բացասական ազդեցությունը պայմանավորված է աղիքային միկրոֆլորայի փոփոխություններով, որոնք նյութափոխանակության արդեն իսկ առկա խնդիրների դեպքում ավելի են բարդացնում հիվանդության ընթացքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll