• Latest news

Nature. Սնունդ ընդունելու ժամանակը կարող է ուղղակիորեն ազդել իմունային համակարգի արդյունավետության վրա

2 մայիսի, 2026  16:39

Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սնունդ ընդունելու ժամանակը կարող է ուղղակիորեն ազդել իմունային համակարգի արդյունավետության վրա, ընդ որում՝ ուտելուց ընդամենը մի քանի ժամ անց։

Nature ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները փաստում են, որ T-բջիջները, որոնք ստացվել են սնունդ ընդունելուց հետո, զգալիորեն ավելի ակտիվ և արդյունավետ են գործել, քան տևական քաղցից հետո վերցված բջիջները։ Խոսքը իմունային հիմնական բջիջների մասին է, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վիրուսների, վարակների և քաղցկեղային ուռուցքների դեմ։

Աշխատանքն իրականացրել են Պիտսբուրգի համալսարանի հետազոտողները։ Առողջ կամավորներից արյուն են վերցրել առավոտյան՝ դատարկ ստամոքսին, այնուհետև կրկին՝ ուտելուց մոտ վեց ժամ անց։ Պարզվել է, որ «կուշտ» T-բջիջներն ավելի ակտիվ են յուրացրել գլյուկոզան, կուտակել են ավելի շատ լիպիդներ և ունեցել են ավելի հզոր միտոքոնդրիումներ՝ բջջի էներգետիկ կայաններ։ Բացի այդ, նման բջիջները զգալիորեն ավելի շատ իմունային ազդանշանային մոլեկուլներ են արտադրել, այդ թվում՝ ինտերֆերոն-գամմա և TNF, որոնք անհրաժեշտ են վարակների դեմ պայքարելու համար։

Գիտնականներին հատկապես զարմացրել է այն, որ ազդեցությունը երկար է պահպանվել։ Նույնիսկ մի քանի օր անց ուտելուց հետո ստացված T-բջիջները շարունակել են ավելի ուժգին և արագ արձագանքել, քան քաղցի ժամանակ հավաքված բջիջները։ Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ նման բջիջներն ավելի լավ են բազմացել, ավելի արդյունավետ են ոչնչացրել հարուցիչները և ձևավորել ավելի կայուն իմունային հիշողություն։

Ինչպես պարզվել է, առանցքային դեր են խաղում սնունդ ընդունելուց հետո արյան մեջ շրջանառվող ճարպերը։ Ուտելուց հետո օրգանիզմում ձևավորվում են հատուկ լիպիդային մասնիկներ՝ խիլոմիկրոններ, որոնք ճարպերը տեղափոխում են բջիջներ։ Հենց դրանք են կտրուկ ուժեղացրել T-բջիջների էներգետիկ փոխանակությունը և գործի դրել mTORC1 ազդանշանային ուղին, որը բջջային աճի և իմունիտետի ակտիվացման գլխավոր մեխանիզմներից մեկն է։ Գիտնականներն ընդգծում են, որ ազդեցությունը կապված է եղել նախևառաջ ճարպերի, այլ ոչ թե ածխաջրերի կամ սպիտակուցների հետ։

Հետազոտությունը կարող է կարևոր լինել նաև ուռուցքաբանության համար։ Գիտնականները փորձարկել են CAR-T թերապիան՝ քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներից մեկը, որի դեպքում պացիենտի իմունային բջիջները ձևափոխվում են ուռուցքի վրա հարձակվելու համար։ Պարզվել է, որ ուտելուց հետո հավաքված T-բջիջներից ստեղծված CAR-T բջիջներն ավելի երկար են պահպանվել և ավելի արդյունավետ են ոչնչացրել ուռուցքները լեյկեմիայի և մելանոմայի մոդելներում։

Աշխատանքի հեղինակները միևնույն ժամանակ շեշտում են՝ հետազոտությունը չի նշանակում, թե սնունդը «բուժում է քաղցկեղը» կամ վարակները։ Սակայն այն ցույց է տալիս, որ օրգանիզմի կարճատև մետաբոլիկ վիճակը կարող է էապես փոխել իմունիտետի աշխատանքը։

Ըստ իմունոլոգ Գրեգ Դելգոֆի, մինչև օրս հետազոտությունների մեծ մասում գրեթե հաշվի չի առնվել՝ արդյոք մարդը կերել է արյուն վերցնելուց կամ իմունային թերապիայից առաջ։ Այժմ գիտնականները ենթադրում են, որ սնունդը և ուտելու ժամանակը կարող են կարևոր գործոն դառնալ պատվաստման, վարակների բուժման և բջջային իմունային դեղամիջոցների արտադրության ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll