• Latest news

Ի՞նչն է մարդկանց ստիպում ավելի քիչ խմել. hայտնաբերվել է անսպասելի գործոն

6 մայիսի, 2026  08:26

Journal of Studies on Alcohol and Drugs ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը փաստում է, որ ալկոհոլային խմիչքների պիտակների վրա զգուշացնող մակնշումների փոփոխությունը կարող է զգալիորեն ազդել մարդկանց վարքագծի վրա և պոտենցիալ կերպով նվազեցնել օգտագործման ծավալները։

Փորձարկմանը մասնակցել է ԱՄՆ ավելի քան 1000 չափահաս բնակիչ։ Նրանց ներկայացվել են զգուշացումների տարբեր տարբերակներ՝ սկսած 1980-ականների վերջից երկրում կիրառվող ստանդարտ հաղորդագրությունից մինչև նոր ձևակերպումներ, որոնցում շեշտը դրված է առողջական կոնկրետ ռիսկերի՝ քաղցկեղի, լյարդի հիվանդությունների և հիպերտոնիայի վրա։

Արդյունքները ցույց են տվել, որ թարմացված զգուշացումներն ընկալվում են շատ ավելի ազդեցիկ ու արդյունավետ ձևով, քան ներկայումս գործող ընդհանրական հաղորդագրությունը։ Հատկապես մեծ ազդեցություն են ունեցել այն ձևակերպումները, որոնք ուղղակիորեն մատնանշում են ալկոհոլի կապը քաղցկեղի զարգացման ռիսկի հետ։ Մասնակիցներն ավելի հաճախ են նշել, որ նման հաղորդագրություններն իրենց ստիպում են մտածել խմիչքի օգտագործումը սահմանափակելու մասին, ինչպես նաև ավելի լավ են իրազեկում առողջական իրական հետևանքների մասին և ավելի շատ ուշադրություն են գրավում։

Հետազոտողները նշում են, որ ԱՄՆ-ում գործող զգուշացումների համակարգը համարվում է հնացած, քանի որ այն գրեթե չի փոփոխվել 1988 թվականից ի վեր և չի արտացոլում ալկոհոլի վնասների վերաբերյալ ժամանակակից գիտական տվյալները։

Այսօր արդեն հայտնի է, որ դրա ազդեցությունը կապված է ոչ միայն սուր ռիսկերի, օրինակ՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետ, այլև ունի երկարաժամկետ հետևանքներ, այդ թվում՝ ուռուցքային հիվանդություններ և օրգանների աշխատանքի քրոնիկ խանգարումներ։

Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ զգուշացնող մակնշումների թարմացումը (հատկապես առողջական կոնկրետ ռիսկերի հավելմամբ), կարող է դառնալ հանրային առողջապահության պարզ և համեմատաբար էժան գործիք։ Այն ունակ է ազդել մարդկանց ամենօրյա որոշումների վրա և աստիճանաբար նվազեցնել ալկոհոլի օգտագործման մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll