Գիտնականները պարզել են կարևոր մանրամասն այն մասին, թե ինչու են որոշ ուռուցքներ հատկապես դիմացկուն դառնում բուժման հանդեպ և ավելի հեշտ են տարածվում օրգանիզմում։
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Cell ամսագրում։
Պարզվել է, որ քաղցկեղի բջիջներում քրոմոսոմների «սխալ» քանակը կարող է կարևոր դեր խաղալ։
Քրոմոսոմները ԴՆԹ կառուցվածքներ են, որոնք պարունակում են հրահանգներ բջջի աշխատանքի համար։ Սովորաբար դրանց քանակը խստորեն վերահսկվում է բջջի բաժանման ժամանակ. յուրաքանչյուր նոր բջիջ ստանում է գենետիկական տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ հավաքածու։
Սակայն ուռուցքների դեպքում այս գործընթացը հաճախ խախտվում է. բջիջները սկսում են չափազանց արագ բաժանվել, և տեղի են ունենում սխալներ. որոշ տեղերում հայտնվում են լրացուցիչ քրոմոսոմներ, որո տեղերում, ընդհակառակը, դրանք չեն բավականացնում։ Այս վիճակը կոչվում է անեուպլոիդիա։
Երկար ժամանակ նման սխալները համարվում էին պարզապես քաղցկեղի կողմնակի ազդեցություն։ Սակայն Molecular Cell ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անեուպլոիդիան իրականում կարող է նպաստել ուռուցքի գոյատևմանը։
Գիտնականները հայտնաբերել են, որ խախտված թվաքանակով քրոմոսոմներ ունեցող բջիջները 50-60 տոկոսով պակաս PARP1 սպիտակուց են պարունակում։ Սովորաբար այս սպիտակուցը գործում է որպես «ինքնաոչնչացման համակարգ». այն առաջացնում է բջջի մահ, եթե ենթարկվում է ԴՆԹ չափազանց մեծ վնասի, օրինակ՝ օքսիդատիվ սթրեսի պատճառով։ Այս մեխանիզմն անհրաժեշտ է վնասված բջիջների բազմացումը կանխելու համար։
Բայց եթե PARP1-ի մակարդակը նվազում է, այդ պաշտպանիչ մեխանիզմը թուլանում է։ Արդյունքում՝ քաղցկեղի բջիջներն ավելի հեշտությամբ են դիմանում բուժման ընթացքում սովորաբար առաջացող վնասներին, օրինակ՝ քիմիաթերապիայի կամ այլ սթրեսային ազդեցությունների ժամանակ։
Սա ստուգելու համար հետազոտողները ստեղծել են լաբորատոր մոդելներ՝ աղիքային, թոքային և աչքի հյուսվածքներից ստացված անեուպլոիդ բջիջներով։ Բոլոր դեպքերում, այդ բջիջներն ավելի լավ են դիմանում, քան նորմալ բջիջները, նույնիսկ վնասակար գործոնների ազդեցության տակ։
Այնուհետև թիմն ուսումնասիրել է, թե ինչու է PARP1-ի մակարդակը նվազում։ Պարզվել է, որ սխալները քրոմոսոմներում գերբեռնում են բջջային «վերամշակող կայանները»՝ լիզոսոմները։ Սա ակտիվացնում է CEBPB սպիտակուցը ներառող ազդանշանային շղթան, որն ի վերջո ճնշում է PARP1-ի արտադրությունը։
Մկների վրա կատարված փորձերի ժամանակ PARP1-ի նվազումը նպաստել է, որպեսզի ուռուցքներն ավելի շատ տարածվեն այլ օրգաններում։ Եվ հակառակը, այս սպիտակուցի բարձր մակարդակը նվազեցրել է քաղցկեղի բջիջների տարածման ունակությունը։ Մարդկանց ուռուցքների վերլուծությունը հաստատել է նույն միտումը. քաղցկեղի մետաստատիկ ձևերի դեպքում PARP1-ի մակարդակները ավելի ցածր էին, քան առաջնային ուռուցքների դեպքում։
Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կարևոր է ոչ միայն քաղցկեղի մեխանիզմը հասկանալու, այլև ապագա բուժումների համար։ Հնարավոր է՝ PARP1-ի մակարդակը վերականգնելու կամ այս սթրեսային ուղուն միջամտելու եղանակները սովորելը կարող է դանդաղեցնել ուռուցքի տարածումը և բարելավել թերապիայի արդյունավետությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day