• Latest news

800-ամյա չինական մարմնամարզությունն օգնում է բնական ճանապարհով իջեցնել ճնշումը

11 մայիսի, 2026  22:49

Ավանդական չինական մարմնամարզությունը, որն արդեն ավելի քան 800 տարեկան է, կարող է իջեցնել զարկերակային ճնշումը գրեթե նույնքան արդյունավետ, որքան դեղամիջոցները և արագ քայլքը: Նման եզրակացության են հանգել կլինիկական խոշոր հետազոտության հեղինակները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology (JACC) բժշկագիտական հանդեսում:

Խոսքը «Բադուանձին» կոչվող պրակտիկայի մասին է. վարժությունների համալիր, որը համատեղում է սահուն շարժումները, շնչառական տեխնիկան և մեդիտացիան: Գիտնականները պարզել են, որ առաջին աստիճանի հիպերտոնիա ունեցող չափահասների մոտ բադուանձինի կանոնավոր պարապմունքները հանգեցրել են ճնշման զգալի նվազման արդեն երեք ամիս անց, իսկ արդյունքը պահպանվել է մեկ տարվա ընթացքում:

Զարկերակային բարձր ճնշումը մնում է սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկը: Չնայած բժիշկները կանոնավոր ֆիզիկական ակտիվություն են խորհուրդ տալիս, շատերի համար դժվար է հետևել տևական մարզումներին՝ մարզասրահների թանկության, սարքավորումների անհրաժեշտության կամ ժամանակի սղության պատճառով:

Բադուանձինը կարող է դառնալ ավելի պարզ այլընտրանք: Համալիրը ներառում է ութ հաջորդական շարժումներ, որոնք համատեղում են թեթև աերոբիկ ծանրաբեռնվածությունը, ձգումները, անփոփոխ վարժությունները և գիտակցվածության տարրերը: Մեկ մարզումը սովորաբար տևում է 10–15 րոպե և հատուկ սարքավորումներ կամ պատրաստվածություն չի պահանջում, ինչը պրակտիկան հասանելի է դարձնում մարդկանց մեծամասնության համար:

Հետազոտությանը մասնակցել է 40 տարեկանից բարձր 216 մարդ Չինաստանի յոթ համայնքներից: Բոլոր մասնակիցների սիստոլիկ ճնշման մակարդակը կազմել է 130-139 միլիոմետր սնդիկի սյուն, ինչը համապատասխանում է առաջին աստիճանի հիպերտոնիային՝ ըստ ամերիկյան ուղեցույցների:

Մասնակիցները բաժանվել են երեք խմբի. առաջինը զբաղվել է բադուանձինով շաբաթական հինգ անգամ, երկրորդը կատարել է ինքնուրույն ֆիզիկական վարժություններ, իսկ երրորդը հետևել է արագ քայլքի ծրագրին:

12 շաբաթ անց, ինչպես նաև մեկ տարի անց բադուանձինի խմբում արձանագրվել են զգալի բարելավումներ: Ինքնուրույն վարժությունների խմբի համեմատ՝ մասնակիցների միջին օրական սիստոլիկ ճնշումը նվազել է մոտ 3 միլիմետր սնդիկի սյունով, իսկ բժշկի կաբինետում չափված ճնշման ցուցանիշները՝ մոտ 5 միլիմետր սնդիկի սյունով: Հետազոտողները նշել են, որ նման արդյունքները համադրելի են հիպերտոնիայի բուժման որոշ առաջնային դեղամիջոցների ազդեցության հետ:

Պարզվել է նաև, որ բադուանձինն իր արդյունավետությամբ և անվտանգությամբ համադրելի է արագ քայլքի հետ, ընդ որում՝ վարժություններն ավելի հեշտ է պահպանել երկարաժամկետ հեռանկարում:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ գլխավոր արդյունքներից մեկը դրական ազդեցության պահպանումն էր նույնիսկ առանց մասնագետների մշտական վերահսկողության:

Փորձագետների կարծիքով՝ բադուանձինի պարզությունը, հասանելիությունը և ցածր արժեքն այս պրակտիկան դարձնում են սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հեռանկարային մեթոդ, հատկապես սահմանափակ բժշկական ռեսուրսներ ունեցող տարածաշրջաններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll