Չինական ֆերմենտացված Լյուբաո թեյը կարող է նպաստել ավշային համակարգի աշխատանքի վերականգնմանը և բորբոքային գործընթացների նվազեցմանը։ Նման եզրակացության են հանգել չինացի գիտնականները, որոնք հետազոտությունը հրապարակել են Frontiers in Nutrition գիտահանրամատչելի հանդեսում։
Լիմֆեդեման (ավշային այտուց) խրոնիկական վիճակ է, որի դեպքում խանգարվում է հեղուկի արտահոսքը ավշային համակարգով։ Արդյունքում հյուսվածքներում կուտակվում է ավիշ, ինչը հանգեցնում է այտուցների, ցավի, բորբոքման և վարակների առաջացման բարձր ռիսկի՝ ամենից հաճախ վերջույթներում։
Աշխատանքի ընթացքում հետազոտողները ուսումնասիրել են Լյուբաո թեյի էքստրակտի ազդեցությունը լիմֆատիկ էնդոթելային բջիջների վրա, որոնք ձևավորում են ավշային անոթների պատերը։ Նրանք պարզել են, որ լիմֆեդեմայի ժամանակ ուժեղանում է PRKCB սպիտակուցի ակտիվությունը, որը կապված է բորբոքման և բջջային նյութափոխանակության խանգարման հետ։ Թեյի մզվածքը նվազեցրել է այս սպիտակուցի ակտիվությունը և օգնել բջիջներին ավելի լավ վերականգնվել բորբոքային ազդեցությունից հետո։
Առավել արտահայտված արդյունավետություն են ցուցաբերել թեյի առանձին միացությունները, դրանց թվում՝ տիլիրոզիդը և կվերցետինը։ Այդուհանդերձ, հետազոտությունն իրականացվել է միայն բջջային մակարդակով, ուստի մարդկանց համար բուժական ազդեցության մասին խոսելը դեռևս վաղաժամ է։ Ընդսմին, հեղինակները կարծում են, որ լյուբաո թեյը կարող է հեռանկարային ֆունկցիոնալ մթերք դառնալ ավշային համակարգի աջակցության համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day