• Latest news

Ինչո՞ւ է միջին տարիքից հետո կանանց զարկերակային ճնշումն ավելի արագ բարձրանում

27 մայիսի, 2026  16:45

npj Cardiovascular Health ամսագրում հրապարակված նոր ակնարկը ցույց է տվել, որ գենետիկան, հորմոնները, կենսակերպը և շրջակա միջավայրի գործոնները կյանքի ընթացքում տարբեր կերպ են ազդում կանանց և տղամարդկանց զարկերակային ճնշման վրա:

Հետազոտողները նշել են, որ թեև երկու սեռերի մոտ էլ տարիքին զուգընթաց արյան ճնշումը բնականոն կերպով փոխվում է, կանանց շրջանում դրա աճն զգալիորեն ավելի արտահայտված է դառնում միջին տարիքից սկսած՝ հատկապես դաշտանադադարի շրջանում և դրանից հետո: Սա կարող է նպաստել տարեց կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկին:

Մանկության և դեռահասության շրջանում տղաների և աղջիկների ճնշման ցուցանիշները սովորաբար նման են լինում միմյանց: Սակայն սեռական հասունացումից հետո, վերարտադրողական տարիքում, կանանց սիստոլիկ ճնշումը, որպես կանոն, ավելի ցածր է մնում, քան տղամարդկանց մոտ: Գիտնականները կարծում են, որ կանացի հորմոնները՝ էստրոգենն ու պրոգեստերոնը, օգնում են պաշտպանել անոթները և պահպանել ճնշման ավելի կայուն կարգավորումը:

Մենոպաուզային մոտենալուն զուգընթաց այս հորմոնների մակարդակը նվազում է, ինչը կարող է թուլացնել սիրտ-անոթային պաշտպանությունը և հանգեցնել ճնշման ավելի արագ բարձրացման: Հետազոտողները մատնանշել են նաև սեռերի միջև առկա գենետիկական տարբերությունները, ներառյալ՝ ճնշման կարգավորման գործում X և Y քրոմոսոմների հետ կապված մեխանիզմների հնարավոր դերը:

Ակնարկի հեղինակներն ընդգծել են, որ կենսակերպն ու արտաքին գործոնները, ինչպիսիք են ճարպակալումը, դիաբետը, ծխելը, անառողջ սնունդը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, քրոնիկ սթրեսը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և ալկոհոլի օգտագործումը, էականորեն ազդում են զարկերակային ճնշման մակարդակի վրա: Հետազոտողների կարծիքով՝ կանայք կարող են ավելի զգայուն լինել այս գործոններից մի քանիսի նկատմամբ, քան տղամարդիկ:

Գիտնականները նաև նշել են, որ որոշ դեղամիջոցներ և հորմոնալ թերապիան կարող են տարբեր կերպ ազդել կանանց և տղամարդկանց ճնշման վրա: Օրինակ՝ մենոպաուզայից հետո հաբերի տեսքով էստրոգենների ընդունումը կարող է մեծացնել հիպերտոնիայի ռիսկը, մինչդեռ թերապիայի տրանսդերմալ ձևը ավելի թույլ ազդեցություն է ունենում վերջինիս վրա։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ապագայում հիպերտոնիայի կանխարգելումն ու բուժումը, ամենայն հավանականությամբ, պետք է դառնան ավելի անհատականացված՝ հաշվի առնելով սեռը, տարիքը, հորմոնալ կարգավիճակը և կենսակերպը: Նրանք ընդգծել են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման անհատական մոտեցումներ մշակելու համար՝ հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll