• Latest news

Արյան ընդամենը 1 անալիզ՝ 4 ախտորոշում. ԱԲ թեստը փոխում է դեմենցիայի նկատմամբ մոտեցումը

1 հունիսի, 2026  08:27

Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները արհեստական բանականության հիմքով ախտորոշման նոր գործիք են մշակել, որն ընդունակ է արյան անալիզի միջոցով տարբերակել դեմենցիա առաջացնող մի քանի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ։

Խոսքը Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների, ճակատ-քունքային դեմենցիայի, Լևիի մարմնիկներով դեմենցիայի, ինչպես նաև առողջ մարդկանց մոտ տարիքային կոգնիտիվ փոփոխությունների մասին է։

Հետազոտողների տվյալներով՝ մոդելի ճշգրտությունը գերազանցում է 90%-ը և թույլ է տալիս ոչ միայն տարբերակել առանձին հիվանդությունները, այլև բացահայտել այն դեպքերը, երբ պացիենտի մոտ միաժամանակ առկա են մի քանի ախտաբանական գործընթացներ, ինչը ստանդարտ ախտորոշման դեպքում հաճախ վրիպում է բժիշկների տեսադաշտից։

Աշխատության համահեղինակներից պրոֆեսոր Կառլոս Կրուչագան նշել է, որ ներկայիս կլինիկական մեթոդները հաճախ սահմանափակվում են միայն մեկ ախտորոշում տալով, մինչդեռ իրականում պացիենտների մոտ ոչ հազվադեպ է նկատվում մի քանի հիվանդությունների համակցություն։

Մշակված թեստը հիմնված է արյան մեջ առկա 15 սպիտակուցների անալիզի վրա, որոնք կապված են նեյրոդեգեներացիայի, բորբոքման և նյարդային բջիջների վնասման գործընթացների հետ։ Ալգորիթմը մարզվել է ավելի քան 3200 պացիենտների տվյալների հիման վրա, որոնք հավաքագրվել են Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունների շրջանակում։

Բացի այդ, մոդելը ստուգվել է 225 հոգուց բաղկացած խմբի վրա, որոնց մոտ կենդանության օրոք իրականացվել էր նյարդաբանական գնահատում, իսկ մահից հետո ուսումնասիրվել էին ուղեղի հյուսվածքների փոփոխությունները։ Արդյունքները բարձր համապատասխանություն են ցույց տվել արհեստական բանականության կանխատեսումների և իրական ախտաբանության միջև։

Գիտնականները նշում են, որ այս գործիքը հատկապես արդյունավետ է անորոշ ախտորոշման կամ կոգնիտիվ խանգարումների վաղ փուլերում, երբ ստանդարտ մեթոդները բավականաչափ հստակ պատկեր չեն տալիս։

Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ տեխնոլոգիան դեռ պատրաստ չէ կլինիկական կիրառման համար և հետագա փորձարկումներ ու երկարատև դիտարկումներ է պահանջում պացիենտների ավելի բազմազան խմբերի շրջանում։

Այդուհանդերձ, կիրառության պոտենցիալ ոլորտներն արդեն իսկ ակնհայտ են. գիտական հետազոտություններում՝ կլինիկական փորձարկումների համար պացիենտների ընտրության, իսկ բժշկության մեջ՝ հիվանդներին դեպի համապատասխան մասնագետներն ավելի ճշգրիտ ուղղորդելու և թերապիայի ընտրության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll