ՊԷՏ նոր տրասերը (ռադիոդեղագործական պատրաստուկ), որը թիրախավորում է կարբոանհիդրազ IX (CAIX) սպիտակուցը, բարձր արդյունավետություն է ցուցաբերել բացաբջջային երիկամաբջջային քաղցկեղի (ccRCC) հայտնաբերման գործում՝ ապահովելով ավելի բարձր զգայունություն և պատկերման ավելի լավ որակ՝ համեմատած ստանդարտ մեթոդների հետ: Կլինիկական վաղ հետազոտության արդյունքները ներկայացվել են Միջուկային բժշկության և մոլեկուլային պատկերման ընկերության (SNMMI) 2026 թվականի տարեկան կոնգրեսում:
Բացաբջջային երիկամաբջջային քաղցկեղը բնութագրվում է CAIX սպիտակուցի բարձր էքսպրեսիայով, ինչը այն գրավիչ թիրախ է դարձնում մոլեկուլային պատկերման համար: Այնուամենայնիվ, CAIX-ի դեմ արդյունավետ ռադիոդեղագործական պատրաստուկների մշակումը երկար ժամանակ բարդանում էր աղեստամոքսային տրակտում բարձր ֆիզիոլոգիական ակտիվությամբ, ինչը խոչընդոտներ էր ստեղծում որովայնի խոռոչում ուռուցքների և մետաստազների հայտնաբերման ժամանակ:
Չինաստանի Ուհան քաղաքի հետազոտողները ստեղծել են 68Ga-RCC78 նոր ցիկլային պեպտիդային տրասերը, որն արագորեն կուտակվում է ուռուցքային հյուսվածքում և միևնույն ժամանակ արագ դուրս է բերվում առողջ օրգաններից:
«Ի տարբերություն ավանդական հակամարմնային տրասերների, որոնցից օրգանիզմն ազատվելու համար պահանջվում է մի քանի օր, մեր ցիկլային պեպտիդային զոնդը թույլ է տալիս բարձր կոնտրաստայնությամբ պատկերներն ստանալ զգալիորեն ավելի արագ ձևով»,- նշել է Հուաչժոնի գիտության և տեխնոլոգիաների համալսարանին կից Տունցզի միացյալ հիվանդանոցի միջուկային բժշկության բաժանմունքի աշխատակից Սիսյուան Չենը:
Գիտնականները սինթեզել են CAIX-ի նկատմամբ յուրահատուկ 16 ցիկլային պեպտիդներ և դրանք նշագրել գալիում-68 իզոտոպով: Լաբորատոր մի շարք փորձերից և կենդանիների վրա արված փորձարկումներից հետո ամենախոստումնալից թեկնածուն՝ 68Ga-RCC78-ը, փորձարկվել է առաջին կլինիկական հետազոտության ընթացքում, որին մասնակցել է երիկամի բացաբջջային քաղցկեղով հիվանդ 13 պացիենտ:
Նախակլինիկական հետազոտություններում տրասերը ցուցաբերել է բարձր և կայուն կուտակում CAIX-ի բարձր էքսպրեսիայով ուռուցքներում՝ միաժամանակ արագորեն մաքրվելով շրջակա հյուսվածքներից: Պացիենտների մոտ պատրաստուկը հստակորեն տարբերակել է CAIX-դրական և CAIX-բացասական ուռուցքները, ինչը լիովին համապատասխանել է բիոպսիայի արդյունքներին:
Բացի այդ, 68Ga-RCC78-ը գերազանցել է լայնորեն կիրառվող 18F-ՖԴԳ (18F-FDG) ռադիոդեղագործական պատրաստուկին. կուտակումն առաջնային և մետաստատիկ օջախներում զգալիորեն ավելի բարձր է եղել, իսկ աղիներում ցածր ակտիվությունը թույլ է տվել ավելի հստակ պատկերել որովայնի խոռոչի ուռուցքային օջախները: «Ուռուցք-ֆոն» ավելի լավ հարաբերակցության շնորհիվ հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել լրացուցիչ մետաստատիկ օջախներ, որոնք չէին հայտնաբերվել պատկերման ստանդարտ մեթոդներով:
Ուհանի միացյալ հիվանդանոցի միջուկային բժշկության բաժանմունքի փոխտնօրեն, պրոֆեսոր Դա Վեյ Ցզյանի խոսքով՝ նոր տրասերը թույլ է տալիս ստանալ հիվանդության ավելի ճշգրիտ մոլեկուլային պատկերը:
«Մեր զոնդը էականորեն նվազեցնում է ֆոնային ազդանշանը որովայնի խոռոչում՝ միևնույն ժամանակ պահպանելով առավելագույնս բարձր կուտակումն ուռուցքում, ինչը կարող է կարևոր քայլ դառնալ բացաբջջային երիկամի քաղցկեղի անհատականացված ռադիոթերանոստիկայի ճանապարհին»,- նշել է նա:
Գիտնականներն աշխատում են նաև մոլեկուլի թերապևտիկ տարբերակի վրա՝ այն նշագրելով բուժիչ ռադիոիզոտոպներով, ինչը թույլ կտա ճառագայթումը թիրախային կերպով հասցնել ուղիղ ուռուցքային բջիջներին՝ նվազագույն ազդեցություն թողնելով առողջ հյուսվածքների վրա:
Չնայած տեխնոլոգիան գտնվում է կլինիկական գնահատման վաղ փուլում, հետազոտողներն արդեն պատրաստվում են ավելի լայնածավալ փորձարկումների: Մասնագիտացված կենտրոններում կլինիկական հետազոտություններին մասնակցությունը կարող է հասանելի դառնալ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում, մինչդեռ մեթոդի լայն կիրառումը կախված կլինի հետագա կարգավորող մարմինների հաստատումներից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day