Չափահասները պետք է օգտագործեն օրական ոչ ավելի, քան մեկ ստանդարտ չափաբաժին ալկոհոլ, ասվում է Journal of Studies on Alcohol and Drugs բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը, որոնց հանձնարարականները տարբերվում են ամերիկյան նախկին դիետիկ նորմերից, որոնք տղամարդկանց համար թույլատրում էին օրական մինչև երկու, իսկ կանանց համար՝ մեկ չափաբաժին ալկոհոլ։
ԱՄՆ սննդակարգի դաշնային հանձնարարականների վերջին տարբերակը, որը հրապարակվել է հունվարին, առաջարկում է պակաս կոնկրետ մոտեցում՝ ամերիկացիներին կոչ անելով պարզապես կրճատել ալկոհոլի օգտագործումը հանուն առողջության բարելավման։ Սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ մարդկանց անհրաժեշտ են հստակ քանակական կողմնորոշիչներ՝ գիտակցված որոշումներ ընդունելու համար։
Գիտնականները վերլուծել են 56 համակարգված ակնարկներ՝ նվիրված ոգելից խմիչքի օգտագործման և առողջական վիճակի միջև կապին, իսկ այնուհետև այդ տվյալները համադրել են ԱՄՆ-ում մահացության վիճակագրության հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական ավելի քան 6,5 ստանդարտ չափաբաժին ոգելից խմիչք օգտագործող տղամարդիկ և ավելի քան 7 չափաբաժին օգտագործող կանայք բախվում են ցմահ ռիսկի՝ հազարից ավելի քան մեկ դեպքի հավանականությամբ մահանալու ալկոհոլին առնչվող հիվանդությունից կամ վնասվածքից։ Եթե օգտագործումը գերազանցում է շաբաթական 8,5 չափաբաժինը, ռիսկն աճում է՝ հասնելով հարյուրից ավելի քան մեկ դեպքի։ Շաբաթական 14 չափաբաժնի դեպքում ոգելից խմիչքի օգտագործման հետևանքներից մահվան հավանականությունը հասնում է մոտավորապես 25 մարդուց մեկի։
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ ոգելից խմիչքի օգտագործումը կապված է լյարդի ցիռոզից, մի շարք օնկոլոգիական հիվանդություններից մահացության բարձր ռիսկի հետ, ներառյալ՝ բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի, հաստ աղիքի և լյարդի քաղցկեղը տղամարդկանց ու կանանց, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում, և տարբեր վնասվածքների հետ։
Միևնույն ժամանակ, ոգելից խմիչքի չափավոր օգտագործումը ասոցացվել է սրտի իշեմիկ հիվանդությունից և իշեմիկ ինսուլտից մահվան ռիսկի նվազման հետ։ Սակայն այդ պոտենցիալ պաշտպանիչ ազդեցությունը գրեթե անհետանում է ալկոհոլի պարբերական չափից ավելի օգտագործման դեպքում։
Ըստ աշխատանքի հեղինակների՝ վնասվածքներից, օնկոլոգիական և այլ հիվանդություններից հասցված համախառն վնասը զգալիորեն գերազանցում է սրտանոթային համակարգի համար հնարավոր օգուտը։ Հետազոտողներն ընդգծում են, որ առողջության համար ալկոհոլի օգտակարության մասին պատկերացումը մնում է տարածված առասպել։
Փորձագետները նշում են, որ անհատական ռիսկը կախված է հիվանդությունների անձնական և ընտանեկան պատմությունից։ Այդուհանդերձ, չափահասների մեծամասնության համար ոգելից խմիչքի օգտագործումը օրական մեկ ստանդարտ չափաբաժնով սահմանափակելը ավելի անվտանգ կողմնորոշիչ է։
Տեղեկության համար. ոգելից խմիչքի մեկ ստանդարտ չափաբաժինը պարունակում է մոտ 14 գրամ մաքուր սպիրտ, ինչը համապատասխանում է մոտավորապես 350 մլ գարեջրի, 150 մլ գինու կամ 45 մլ թունդ ալկոհոլային խմիչքի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day