• Latest news

Գիտնականները գտել են սրտի առողջության համար ածխաջրերի «ոսկե միջինը»

12 հունիսի, 2026  19:24

Ածխաջրերի սահմանափակմամբ սննդակարգերը հաճախ ընկալվում են որպես նիհարելու և սրտի առողջությունը բարելավելու համընդհանուր միջոց։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ածխաջրերի քանակի և սիրտ-անոթային ռիսկերի միջև փոխադարձ կապը շատ ավելի բարդ է։

The American Journal of Clinical Nutrition բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատությունը նշում է, որ ածխաջրերի չափավոր օգտագործումը կարող է ամենանպաստավոր տարբերակը լինել երկարաժամկետ առողջության համար։

Թեքսասի A&M համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի գիտնականները վերլուծել են 174 հետազոտության տվյալներ, որոնցում ընդհանուր առմամբ ներառված է եղել 11 հազար 481 չափահաս մարդ 27 երկրից։ Նրանք համեմատել են ցածր ածխաջրերով սննդակարգի (որտեղ ածխաջրերը կազմում են օրական կալորիականության 45%-ը կամ պակաս), կետոգենիկ սննդակարգերի և ավելի հավասարակշռված՝ ածխաջրերի ավելի բարձր պարունակությամբ սննդակարգերի ազդեցությունները։

Արդյունքները ցույց են տվել, որ ցածր ածխաջրերով սննդակարգերի բոլոր տեսակները կարող են նվազեցնել քաշը և բարելավել նյութափոխանակության առողջության որոշ ցուցանիշներ, դրանց թվում՝ արտերիալ ճնշումը և տրիգլիցերիդների մակարդակը։ Սակայն ազդեցությունը միանշանակ չի եղել և կախված է եղել որոշակի պարամետրերից։

Կետոգենիկ և ցածր ածխաջրերով սննդակարգերն ամենից հաճախ հանգեցրել են LDL-խոլեստերինի՝ այսպես կոչված «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։

Միաժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ այս ցուցանիշի ազդեցությունը սիրտ-անոթային հիվանդությունների իրական ռիսկի վրա դեռևս քննարկումների առարկա է։ Առավել տեղեկատվական են համարվում լիպիդային հարաբերակցությունները, և հենց դրանք են բարելավվել սննդակարգերի բոլոր տեսակների դեպքում։

Առավել կայուն և լայն դրական ազդեցություններ նկատվել են ածխաջրերի չափավոր պարունակությամբ սննդակարգերի դեպքում։ Դրանք ապահովել են առողջության տարբեր ցուցանիշների ավելի հավասարակշռված բարելավում, քան խիստ ցածր ածխաջրային ռեժիմները։

Լրացուցիչ վերլուծությունը բացահայտել է մի քանի օրինաչափություն։ Լավագույն արդյունքները գրանցվել են կանանց և ավելորդ քաշից կամ գիրությունից տառապող մարդկանց շրջանում։ Առավել արտահայտված ազդեցություն նկատվել է սննդակարգն առնվազն վեց ամիս պահպանելու դեպքում, հատկապես՝ տրիգլիցերիդների և բորբոքային մարկերների առումով։

Նաև առավել բարենպաստ արդյունքներ է տվել ածխաջրերը օգտակար ճարպերի և սպիտակուցների համակցությամբ փոխարինելը, այլ ոչ թե միայն ճարպերով կամ միայն սպիտակուցներով։

Հեղինակները նշում են աշխատանքի սահմանափակումները. ներառված հետազոտությունների մեծ մասն անցկացվել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, իսկ օգտագործվող սննդի որակը հաճախ հաշվի չի առնվել։ Բացի դրանից, որոշ ենթախմբերում տվյալները բավարար չեն եղել առավել հավաստի եզրակացություններ անելու համար։

Ընդսմին, հետազոտողները շեշտում են, որ ստացված արդյունքները կարևոր են այն ֆոնին, որ սիրտ-անոթային հիվանդությունները մնում են մահացության առաջատար պատճառն աշխարհում՝ առաջացնելով մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մահը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll