• Latest news

Ճարպերի բարձր պարունակությամբ կետոգենիկ դիետան կարող է օգնել պաշտպանել ծերացող ուղեղը. հետազոտություն

16 հունիսի, 2026  08:43

Գնալով ավելացող գիտական տվյալները փաստում են, որ ճարպերով հարուստ և ածխաջրերի ցածր պարունակությամբ կետոգենիկ դիետան կարող է պաշտպանական ազդեցություն ունենալ նեյրոդեգեներատիվ (նյարդաբջիջների քայքայման հանգեցնող) հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, ցրված սկլերոզը, Հանտինգտոնի հիվանդությունը և ԱՄՍ-ն (ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ):

Translational Neurodegeneration ամսագրում հրապարակված վերջին ակնարկում վերլուծվել են վերջին 15 տարիների հետազոտությունները: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կետոդիետան ուղեղի առողջության վրա ազդում է նախևառաջ օրգանիզմում էներգետիկ փոխանակության բարելավման միջոցով։

Սովորաբար ուղեղի բջիջները որպես էներգիայի հիմնական աղբյուր օգտագործում են գլյուկոզան։ Սակայն բազմաթիվ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ այս մեխանիզմը խափանվում է։ Կետոգենիկ դիետան նյութափոխանակությունը փոխադրում է ճարպերի օգտագործման ռեժիմի, ինչի արդյունքում լյարդն արտադրում է կետոնային մարմիններ՝ բետա-հիդրոքսիբուտիրատ (BHB), ացետոացետատ և ացետոն, որոնք էլ ուղեղի համար ծառայում են որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր:

Այս կետոնները պահպանում են նեյրոնների էներգետիկ սնուցումը և կարող են նպաստել վերականգնողական ու պաշտպանական գործընթացներին։ Բացի այդ, դիետան կարող է դրականորեն ազդել աղիքների միկրոբիոմի (մանրէական միջավայրի) վրա՝ նվազեցնելով բորբոքումների հետ կապված բակտերիաների քանակը և սնուցելով պատնեշի վիճակը բարելավող միկրոօրգանիզմները։:

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններն ունեն ընդհանուր ախտաբանական մեխանիզմներ, ներառյալ միտոքոնդրիումների ֆունկցիայի խանգարումը, քրոնիկ բորբոքումը և օքսիդացման սթրեսը, որոնք հանգեցնում են նյարդաբջիջների վնասմանն ու մահվանը։ Ակնարկը ցույց է տալիս, որ կետոնային նյութափոխանակությունը կարող է մասնակիորեն փոխհատուցել այս խանգարումները։

Ի սկզբանե կետոգենիկ դիետան մշակվել է 1921 թվականին բժիշկ Ռասել Մ. Ուայլդերի կողմից՝ երեխաների շրջանում դեղորայքակայուն էպիլեպսիայի բուժման համար։ Ժամանակի ընթացքում այն գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Ի տարբերություն ժամանակակից բուժման մեթոդների, որոնք հիմնականում մեղմում են ախտանիշները, կետոդիետան դիտարկվում է որպես հիվանդության կենսաբանական մեխանիզմների վրա ազդելու միջոց։

Բացի էներգիայի այլընտրանքային աղբյուր լինելուց, կետոնները կարող են ակտիվացնել աուտոֆագիան՝ բջջային «մաքրման» գործընթացը, որն օգնում է հեռացնել վնասված սպիտակուցներն ու բջջային կառուցվածքները, որոնք կապված են նեյրոդեգեներացիայի հետ: Դրանք նաև ընդունակ են նվազեցնել օքսիդացման սթրեսը և ուղեղի քրոնիկ բորբոքումը։

Կլինիկական դիտարկումները, թեև դեռ սահմանափակ են, այնուամենայնիվ փաստում են հնարավոր դրական փոփոխությունների մասին։ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ նկատվել է հիշողության, ամենօրյա գործունեության և կյանքի որակի բարելավում։ Պարկինսոնով հիվանդների մոտ արձանագրվել է էներգիայի մակարդակի բարձրացում, հոգնածության նվազում և շարժողական ֆունկցիաների բարելավում։ Նմանատիպ արդյունքներ են նկատվել նաև այլ հիվանդությունների դեպքում։

Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծում են, որ նման դիետայի հետևելը կարող է դժվար լինել դրա խիստ սահմանափակումների պատճառով։ Որոշ մարդկանց մոտ սկզբնական շրջանում առաջանում են կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ գլխացավ, հոգնածություն, սրտխառնոց և գլխապտույտ, որոնք հայտնի են որպես «կետո-գրիպ»։

Ընդհանուր առմամբ, ակնարկը դիտարկում է կետոգենիկ դիետան որպես հեռանկարային, բայց դեռևս նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ ուղեղի առողջությանը սատարելու համար նախատեսված փորձարարական մոտեցում։ Չնայած հուսադրող արդյունքներին՝ անհրաժեշտ են լրացուցիչ երկարաժամկետ կլինիկական հետազոտություններ՝ դրա անվտանգությունը, արդյունավետությունն ու գործնական կիրառությունը գնահատելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll