Ապագայում արյան պարզ անալիզը (քաղցած վիճակում) կարող է օգնել բժիշկներին որոշել, թե քաշի նվազեցման որ դեղամիջոցն արդյունավետ կլինի կոնկրետ պացիենտի համար: Այսպիսի եզրակացության են եկել Diagnostics ամսագրում հրապարակված նախնական հետազոտության հեղինակները:
Գիտնականները պարզել են, որ արյան մեջ երկու հիմնական ինկրետինային հորմոնների՝ գլյուկագոնանման պեպտիդ-1-ի (GLP-1) և գլյուկոզակախյալ ինսուլինոտրոպ պոլիպեպտիդի (GIP) մակարդակը կարող է կանխատեսել ճարպակալման բուժման համար կիրառվող երկու հանրահայտ դեղամիջոցների՝ սեմագլուտիդի և տիրզեպատիդի արդյունավետությունը:
Հետազոտողների տվյալներով՝ ամբողջ աշխարհում ավելի քան 650 միլիոն չափահաս մարդ տառապում է ճարպակալմամբ: Այս վիճակը զգալիորեն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, մի շարք օնկոլոգիական հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկը: Չնայած GLP-1 համակարգի վրա ազդող դեղամիջոցների բարձր արդյունավետությանը, դրանց ազդեցությունը տարբեր պացիենտների մոտ զգալիորեն տարբերվում է, ինչն էլ անհատականացված մոտեցումն առավել արդիական է դարձնում:
Իտալիայի Կատանիայի համալսարանի և MEDISAN կենտրոնի մասնագետների կողմից անցկացված հետազոտությանը մասնակցել է III աստիճանի ճարպակալում (մարմնի զանգվածի ինդեքսը 40 կգ/մ²-ից բարձր) ունեցող 90 չափահաս մարդ։ Բոլոր մասնակիցների մոտ քաղցած վիճակում որոշվել է GLP-1 և GIP հորմոնների կոնցենտրացիան, որից հետո պատահականության սկզբունքով նշանակվել է բուժում սեմագլուտիդով կամ տիրզեպատիդով: Թերապիայի արդյունավետությունը գնահատվել է վեց ամիս անց:
Արդյունքները ցույց են տվել, որ GIP-ի ցածր մակարդակ ունեցող պացիենտների մոտ տիրզեպատիդով բուժման դեպքում արձանագրվել է քաշի առավել արտահայտված նվազում (անկախ GLP-1-ի մակարդակից): Իր հերթին, սեմագլուտիդն առավել արդյունավետ է եղել այն մասնակիցների մոտ, ովքեր ունեցել են GLP-1-ի ցածր մակարդակ և GIP-ի միջին կամ բարձր կոնցենտրացիա:
Հեղինակները նաև պարզել են, որ այն պացիենտները, ում մոտ միաժամանակ բարձր են եղել թե՛ GLP-1, թե՛ GIP մակարդակները, ավելի վատ են արձագանքել երկու դեղամիջոցներին էլ: Հետազոտողների կարծիքով՝ սա կարող է վկայել ինկրետինային համակարգի աշխատանքի խանգարման մասին, սակայն այս վարկածը հաստատման կարիք ունի, քանի որ արյան միանգամյա անալիզը թույլ չի տալիս տարբերակել հորմոնների արտադրության նվազումը դրանց ընկալիչների անզգայունությունից:
Այն մասնակիցները, ովքեր հասել են քաշի առավելագույն նվազեցման, ցուցաբերել են նաև գոտկատեղի շրջագծի զգալի կրճատում և ինսուլինի նկատմամբ զգայունության բարելավում, ինչը վկայում է մետաբոլիկ առողջության զգալի բարելավման մասին:
Հեղինակների կարծիքով՝ հեռանկարում GLP-1 և GIP մակարդակների որոշումը կարող է հիմք հանդիսանալ ճարպակալման թերապիայի անհատականացված ընտրության համար՝ թույլ տալով նախապես ընտրել յուրաքանչյուր պացիենտի համար ամենահամապատասխան դեղամիջոցը: Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծում են, որ ստացված արդյունքները նախնական են: Աշխատանքն իրականացվել է մեկ կենտրոնում, ներառել է ընդամենը 90 մասնակից, իսկ բուժման յուրաքանչյուր խմբում եղել է միևնույն հորմոնալ պրոֆիլն ունեցող ընդամենը հինգ պացիենտ:
Ուստի, նախքան արյան նման անալիզը կկարողանա կիրառվել ամենօրյա կլինիկական պրակտիկայում, արդյունքները պետք է հաստատվեն ավելի խոշոր և պատահականացված կլինիկական հետազոտություններում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day