• Latest news

Հարյուր միլիոնավոր մարդիկ վտանգի տակ են. վտանգավոր արևադարձային մակաբույծի դեմ պատվաստանյութը տվել է առաջին արդյունքները

30 հունիսի, 2026  15:50

Շիստոսոմոզի (արյունածծիչ որդերի հարուցած հիվանդություն) դեմ նոր փորձարարական պատվաստանյութը միաժամանակ երկու կարևոր հատկություն է դրսևորում, որոնք անհրաժեշտ են արդյունավետ իմունային պաշտպանության համար. այն ոչ միայն առաջացնում է իմունային պատասխան, այլև ձևավորում է երկարատև իմունային հիշողություն։ Դա թույլ է տալիս օրգանիզմին ավելի արագ արձագանքել կրկնակի վարակմանը։ Այս մասին նշվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են npj Vaccines ամսագրում։

Աշխատանքը վերաբերում է SchistoShield կոչվող պատվաստանյութի մշակմանը, որն ստեղծվել է Տեխասի տեխնոլոգիական համալսարանի Առողջապահական գիտությունների կենտրոնի (Texas Tech University Health Sciences Center) պրոֆեսոր Աֆզալ Սիդդիկիի ղեկավարությամբ։ Գիտնականն այս նախագծով զբաղվում է արդեն մի քանի տասնամյակ՝ նպատակ ունենալով ստեղծել մի միջոց, որն ընդունակ կլինի թե՛ կանխել վարակումը, թե՛ նվազեցնել արդեն զարգացած ինֆեկցիայի ծանրությունը։

Շիստոսոմոզը մակաբուծային հիվանդություն է, որը հարուցվում է քաղցրահամ ջրերում ապրող տափակ որդերով։ Դրանց թրթուրները վարակված ջրի հետ շփվելիս թափանցում են մարդու մաշկի միջով, որից հետո օրգանիզմում զարգանում են ու վերածվում հասուն առանձնյակների։

Այս մակաբույծները ձվադրում են, ինչն առաջացնում է բորբոքային և համակարգային ախտահարումներ։ Հիվանդությունը տարածված է գրեթե 80 երկրներում՝ հիմնականում Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած շրջաններում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ շուրջ 250 միլիոն մարդ արդեն վարակված է, ևս 800 միլիոնը գտնվում է ռիսկի խմբում։

Չնայած տարածման մասշտաբներին՝ հիվանդությունը համարվում է «մոռացված» կամ «անտեսված», քանի որ այն առաջին հերթին ախտահարում է աղքատ տարածաշրջանները։ Ներկայումս բուժման համար գոյություն ունի միայն մեկ դեղամիջոց, սակայն այն չի կանխում կրկնակի վարակումը, ինչը կանխարգելիչ պատվաստանյութի ստեղծումն առավել արդիական է դարձնում։

Ըստ նոր հետազոտության տվյալների՝ ԱՄՆ-ում և Աֆրիկայի երկրներում կլինիկական փորձարկումների մասնակիցների արյան նմուշները ցույց են տվել կայուն իմունային պատասխանի ձևավորում՝ SchistoShield-ի ներարկումից հետո։ Փորձարկվողների մոտ նկատվել է իմունիտետի ինչպես B-բջջային, այնպես էլ T-բջջային օղակների ակտիվացում, ինչը վկայում է երկարատև իմունային հիշողության ձևավորման մասին։

Աշխատանքի հեղինակները նշում են, որ նախակլինիկական և վաղ կլինիկական փորձարկումներում պատվաստանյութն առաջացրել է արտահայտված բջջային իմունային պատասխան և հիշողության ձևավորում, ինչը մակաբուծային ինֆեկցիաների դեմ պոտենցիալ արդյունավետ պատվաստանյութի գլխավոր ցուցանիշն է։

Ինքը՝ Սիդդիկին, նշում է, որ ներկայիս արդյունքներն ստացվել են փոքր խմբերում՝ 50-ից 100 մասնակցի շրջանում։ Նա ընդգծում է, որ սա հետազոտությունների դեռևս վաղ փուլն է, և արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են լայնածավալ կլինիկական փորձարկումներ՝ հազարավոր կամավորների մասնակցությամբ։

Մշակողները շեշտում են, որ նախագիծն ի սկզբանե հումանիտար բնույթ է կրում և ուղղված է մի հիվանդության դեմ պայքարին, որը նախևառաջ հարվածում է սակավապահով շրջաններին։ Համալսարանական ծրագրերի, դաշնային դրամաշնորհների և միջազգային բարեգործական կազմակերպությունների աջակցությունը թույլ է տվել շարունակել մշակումները՝ առանց կոմերցիոն շահույթի ակնկալիքի։

Համալսարանի ղեկավարության խոսքով՝ նախագծի նպատակն է ընդլայնել բժշկական օգնության հասանելիությունը և ստեղծել մի գործիք, որը կարող է էապես նվազեցնել աշխարհում ամենատարածված մակաբուծային հիվանդություններից մեկի գլոբալ բեռը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll