• Latest news

FENS Forum 2026. Կոկաինը «սպի» է թողնում ուղեղի բջիջներում արդեն առաջին իսկ օգտագործումից հետո

7 հուլիսի, 2026  21:43

Կոկաինի նույնիսկ մեկանգամյա ազդեցությունն ընդունակ է խոր փոփոխություններ առաջացնել ուղեղի բջիջներում, որոնք պահպանվում են առնվազն երկու շաբաթ։ Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Եվրոպական նեյրոգիտությունների ընկերությունների ֆեդերացիայի ֆորումում (FENS Forum 2026), գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը։

Ըստ հեղինակների՝ այդ բացահայտումն օգնում է հասկանալ, թե ինչու է մարդկանցից ոմանց շրջանում կախվածությունը սկսում ձևավորվել թմրանյութի օգտագործման ընդամենը մի քանի դրվագից հետո։

Կոկաինը դասվում է ամենավտանգավոր հոգեխթանիչների շարքին։ Այն ուժեղ կախվածություն է առաջացնում, ի վիճակի է տագնապայնություն, խելացնորություն, սրտի աշխատանքի խանգարումներ, հոգեկան առողջության վատթարացում և այլ ծանր հետևանքներ հրահրել։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ այսօր ամբողջ աշխարհում կոկաին է օգտագործում մոտ 25 միլիոն մարդ. դա ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։

Հետազոտությունը ղեկավարել է Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Անա Պոմբոն, որը նաև գիտական խումբ է ղեկավարում Բեռլինի Մաքս Դելբրյուկի անվան մոլեկուլային բժշկության կենտրոնում։ Գիտնականները նպատակ են ունեցել պարզելու՝ հստակ ինչ է տեղի ունենում ուղեղի բջիջներում թմրանյութի հետ առաջին իսկ շփումից հետո, և թե ինչպես կարող են այդ փոփոխությունները նպաստել կախվածության զարգացմանը ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց։

Փորձերն անցկացվել են մկների վրա՝ գենոմի ճարտարապետության քարտեզագրման ժամանակակից տեխնոլոգիայի կիրառմամբ։ Այդ մեթոդը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ոչ միայն ԴՆԹ-ի հաջորդականությունը, այլև դրա եռաչափ կազմակերպումը բջջի կորիզի ներսում։ Հենց գենետիկական նյութի տարածական դասավորվածությունն է մեծապես որոշում, թե որ գեները կլինեն ակտիվ, և որոնք կմնան «անջատված»։

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել միջին ուղեղի վենտրալ ծածկույթի շրջանի դոֆամիներգիկ նեյրոններին։ Այդ հատվածն առանցքային դեր է խաղում պարգևատրման, մոտիվացիայի համակարգում և կախվածության ձևավորման գործում։

Պարզվել է՝ կոկաինի ներարկումից արդեն մեկ օր անց այդ նեյրոնների գենոմի եռաչափ կառուցվածքը զգալիորեն փոխվել է։ Ավելին, երկու շաբաթ անց փոփոխությունները ոչ միայն պահպանվել են, այլև դրանցից որոշներն էլ ավելի արտահայտիչ են դարձել։

Մասնավորապես, թմրանյութի մեկանգամյա ազդեցությունը հանգեցրել է քրոմատինի մոտ 1700 նոր հատվածների հայտնվելուն, որոնք կարգավորում են գեների ակտիվությունը, և միաժամանակ անհետացել է նմանատիպ շուրջ 1100 տիրույթ։ Նման մասշտաբային վերակառուցումն ի վիճակի է էապես փոխել ուղեղի բջիջների աշխատանքը։

Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ կոկաինի ազդեցությունից հետո մի շարք գեների ակտիվությունը փոխվել է։ Նեյրոնները սկսել են ավելի շատ որոշակի նեյրոպեպտիդներ արտադրել. ուղեղի ազդանշանային մոլեկուլներ, որոնք նախկինում արդեն կապվել էին մարդու մոտ թմրամիջոցային կախվածության զարգացման հետ։ Միաժամանակ նվազել է նյարդային բջիջների նորմալ գործառնության համար պատասխանատու գեների ակտիվությունը։

Հեղինակների կարծիքով՝ արդյունքները հնարավորություն են տալիս խոսել յուրահատուկ մոլեկուլային «սպիի» մասին, որը կոկաինը թողնում է նեյրոնների գենոմում։ Հենց այդ երկարատև վերակազմավորումը կարող է նախապատրաստել ուղեղը թմրանյութի կրկնակի օգտագործման դեպքում ավելի ուժեղ արձագանք տալուն և դրանով իսկ բարձրացնել կախվածության ձևավորման հավանականությունը։

Հետազոտողներն ընդգծում են, որ առայժմ հայտնի չէ՝ արդյոք հայտնաբերված փոփոխությունները մշտակա՞ն են, թե՞ ժամանակի ընթացքում բջիջներն ընդունակ են ամբողջությամբ վերականգնվել։ Միաժամանակ դեռ պետք է պարզվի՝ որքանով են այդ մոլեկուլային վերակառուցումներն ուղղակիորեն ազդում մարդու կախվածության զարգացման ռիսկի վրա։

Անկախ փորձագետ, Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Դալան, որը չի մասնակցել հետազոտությանը, նշել է, որ ստացված տվյալները կասկածի տակ են դնում կոկաինի «մեկանգամյա» կամ պատահական օգտագործման անվտանգության մասին տարածված տեսակետը։

Նրա բնորոշմամբ՝ նույնիսկ օգտագործման մեկ դեպքը կարող է ուղեղի բջիջների երկարատև փոփոխություններ գործարկել, որոնք պոտենցիալ կերպով մեծացնում են ապագայում կախվածության զարգացման նկատմամբ մարդու ընկալունակությունը։

Հեղինակները շեշտում են, որ աշխատանքն իրականացվել է լաբորատոր մկների վրա, ուստի արդյունքները դեռևս պետք է հաստատվեն հետագա հետազոտություններում։

Այդուհանդերձ, ստացված տվյալները նոր հնարավորություններ են բացում կախվածության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրման համար և հեռանկարում կարող են օգնել դրա կանխարգելման ու բուժման ավելի արդյունավետ մեթոդների մշակմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll