• Latest news

Ալկոհոլը սոսկ չի արագացնում Ալցհայմերը. նոր հետազոտությունը բարդ մեխանիզմ է բացահայտել

9 հուլիսի, 2026  16:48

Ալկոհոլը վաղուց է կապվում հիշողության վատթարացման և դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրա ազդեցությունը Ալցհայմերի հիվանդության վրա կարող է շատ ավելի բարդ լինել, քան ենթադրվում էր նախկինում:

Թեքսասի A&M համալսարանի գիտնականները պարզել են, որ ալկոհոլը տարբեր կերպ է ազդում Ալցհայմերի հիվանդությանն առնչվող երկու առանցքային գործընթացների վրա՝ ուղեղում վահանիկներ ձևավորող ամիլոիդ-բետա սպիտակուցի կուտակման և նյարդային բջիջների ներսում ախտաբանական կծիկներ առաջացնող տաու սպիտակուցի փոփոխությունների վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuropharmacology բժշկագիտական հանդեսում:

Դոկտոր Յուֆեյ Հուանի գլխավորած հետազոտական խումբն ուսումնասիրել է, թե ինչպես է ալկոհոլն ազդում ուղեղի վարքագծային ճկունության համար պատասխանատու շղթաների վրա, այսինքն՝ նոր հանգամանքներին հարմարվելու և իրավիճակի փոփոխության դեպքում որոշումները փոխելու մարդու ունակության վրա:

Գիտնականները կենտրոնացել են ուղեղի կորտիկո-ստրիատալ շղթայի վրա. դա մի համակարգ է, որը կարևոր դեր է խաղում որոշումների ընդունման, ուսուցման և վարքագծի վերահսկման գործում: Այդ շրջանի աշխատանքի խանգարումները նկատվում են ինչպես տարբեր նյութերից կախվածության, այնպես էլ Ալցհայմերի հիվանդության ժամանակ:

Փորձի ընթացքում կիրառվել է կենդանիների մոտ հիվանդության երկու մոդել՝ մեկը ամիլոիդ-բետայի ախտաբանությամբ, մյուսը՝ տաու սպիտակուցի ախտաբանությամբ:

Արդյունքներն անսպասելի են եղել: Ամիլոիդային փոփոխություններով մոդելում ալկոհոլը նվազեցրել է նյարդային բջիջների միջև կապի ակտիվությունը հետազոտվող ուղեղային շղթայում: Սակայն տաու-ախտաբանությամբ մոդելում ալկոհոլը, ընդհակառակը, ուժեղացրել է բջիջների միջև ազդանշանների փոխանցումը:

Այսինքն՝ ալկոհոլի միևնույն ազդեցությունը հանգեցրել է հակադիր արդյունքների՝ կախված այն հանգամանքից, թե կոնկրետ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել ուղեղում:

Գիտնականները պարզաբանում են, որ ամիլոիդային և տաու-ախտաբանությունները տարբեր կերպ են խաթարում ուղեղի աշխատանքը: Ամիլոիդ-բետան հաճախ կապված է նյարդային բջիջների չափազանց բարձր ակտիվության հետ, մինչդեռ տաու-փոփոխությունները կարող են հանգեցնել նեյրոնների միջև կապի թուլացման: Այդ պատճառով հետազոտողները ենթադրում էին, որ ալկոհոլը կխորացնի արդեն իսկ գոյություն ունեցող խանգարումները, սակայն ստացել են հակառակ ազդեցությունը:

Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ Ալցհեյմերի հիվանդությունը չի կարելի դիտարկել որպես մեկ միասնական հիվանդություն, որն բոլոր մարդկանց մոտ ունի նույն մեխանիզմը: Ալկոհոլի նկատմամբ ուղեղի արձագանքը կարող է կախված լինել հիվանդության փուլից, գենետիկայից, կենսակերպից և ախտաբանական փոփոխությունների տեսակից:

Բացի նյարդային շղթաների վրա ունեցած ազդեցությունից, գիտնականները պարզել են նաև, որ ալկոհոլը կարող է խաթարել ուղեղի իմունային բջիջների՝ միկրոգլիայի աշխատանքը: Այդ բջիջներն օգնում են պահպանել նյարդային հյուսվածքի առողջությունը և արձագանքում են ամիլոիդի կուտակմանը: Ամիլոիդային մոդելում ալկոհոլը փոխել է դրանց աշխատանքը, ինչը կարող է լինել ուղեղի վիճակի վատթարացման մեխանիզմներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll