Երկարատև հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքային դեգեներատիվ փոփոխություններ ունեցող բուժառուների շրջանում մենիսկի վնասված հատվածների հեռացման արթրոսկոպիկ վիրահատությունը կարող է ոչ միայն զգալի օգուտ չբերել, այլև արագացնել օստեոարթրիտի զարգացումը։
10 տարվա ընթացքում գիտնականները հետևել են այն բուժառուներին, որոնց կատարվել է կամ արթրոսկոպիկ վիրահատություն, կամ վիրահատական միջամտության նմանակում՝ մաշկի փոքր կտրվածքով, բայց առանց բուն ընթացակարգի իրականացման։ Արդյունքները, որոնք հրապարակվել են New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում, ցույց են տվել, որ վիրահատությունը չի ապահովել ցավի կամ ծնկահոդի գործառույթի զգալի բարելավում՝ նմանակում-միջամտության համեմատ։ Ավելին, վիրահատված բուժառուների շրջանում ավելի հաճախ է նկատվել օստեոարթրիտի արագացված սաստկացում, և առաջացել է կրկնակի վիրահատությունների, դրանց թվում՝ ծնկահոդի ամբողջական փոխարինման անհրաժեշտություն։
Հետազոտության մեջ ներառվել են միջին և տարեց հասակի մարդիկ, որոնք ունեցել են ծնկի ցավեր և մագնիսառեզոնանսային շերտագրումով հայտնաբերված մենիսկի դեգեներատիվ պատռվածքներ։ Ծնկահոդի սուր տրավմատիկ վնասվածքներով բուժառուները հետազոտությանը չեն մասնակցել։
Վերջին տասնամյակում կուտակվել են ավելի ու ավելի շատ ապացույցներ այն մասին, որ մենիսկի տարիքային դեգեներատիվ պատռվածքների դեպքում արթրոսկոպիկ վիրահատությունն արդյունավետությամբ չի գերազանցում ոչ վիրահատական բուժմանը, ներառյալ ֆիզիոթերապիան։ Այդ կապակցությամբ նման վիրահատությունների կատարման հաճախականությունը մի շարք երկրներում զգալիորեն կրճատվել է, թեև ԱՄՆ-ում դրանք դեռևս բավականին հաճախ են իրականացվում։
Մասնագետները նշում են, որ մենիսկի դեգեներատիվ փոփոխությունները լայնորեն տարածված են 50 անց մարդկանց շրջանում և շատ դեպքերում ծերացման բնական դրսևորում են, այլ ոչ թե՝ ծնկահոդի ցավի հիմնական պատճառը։
Ներկայում շատ օրթոպեդներ խորհուրդ են տալիս բուժումը սկսել կոնսերվատիվ մեթոդներով՝ բուժական ֆիզկուլտուրայով, ֆիզիոթերապիայով, կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ և, անհրաժեշտության դեպքում, մարմնի զանգվածի նվազեցմամբ։ Վիրահատական միջամտությունը կարող է դիտարկվել միայն առանձին բուժառուների դեպքում, մինչդեռ դրա մեխանիկական կիրառումը տարիքային վնասվածքների ժամանակ ավելի ու ավելի է կասկածի տակ դրվում։
Որպես բուժման լրացուցիչ եղանակներ կարող են օգտագործվել կորտիկոստերոիդների ներարկումները, որոնք ախտանշանների կարճատև թեթևացում են ապահովում։ Միաժամանակ, թրոմբոցիտներով հարուստ պլազմայի և ցողունային բջիջների կիրառմամբ թերապիայի արդյունավետությունը դեռևս վերջնականապես հաստատված չէ և հետագա հետազոտություններ է պահանջում։
Եթե կոնսերվատիվ բուժումը արդյունք չի տալիս, և արտահայտված օստեոարթրիտ է զարգանում, վիրահատական բուժման հիմնական եղանակը մնում է ծնկահոդի էնդոպրոթեզավորումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day