Կոֆեին պարունակող սուրճի չափավոր օգտագործումն անվտանգ է մեծահասակների մեծ մասի համար և կարող է նույնիսկ դրական ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի առողջության վրա։ Միևնույն ժամանակ, կոֆեինի բարձր չափաբաժինները, որոնք հատկապես առկա են էներգետիկ ըմպելիքներում և «էներգետիկ շոթերում», կարող են մեծացնել սրտանոթային բարդությունների ռիսկը։ Նման եզրահանգման են եկել Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի (AHA) փորձագետները։
Circulation ամսագրում հրապարակված գիտական հայտարարությունն ամփոփում է արտերիալ ճնշման, խոլեստերինի մակարդակի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի, սրտային անբավարարության և սրտի ռիթմի խանգարումների վրա կոֆեինի ունեցած ազդեցության վերաբերյալ ժամանակակից տվյալները։
Հեղինակների փոխանցմամբ՝ առողջ մեծահասակների մեծ մասի համար անվտանգ է օրական մինչև 400 մգ կոֆեինի օգտագործումը, ինչը համապատասխանեցվում է մոտ 3–5 բաժակ (ամեն մեկը՝ 240 մլ) սովորական սև սուրճին՝ առանց շաքարի, օշարակների և սերուցքի։
Վերլուծությունը ցույց է տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը կապված է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի, սրտային անբավարարության և նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման ռիսկի նվազման հետ։ Միևնույն ժամանակ, ռանդոմիզացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ կոֆեինը կարող է փոքր-ինչ ավելացնել փորոքային վաղաժամ կծկումների հաճախականությունը, թեև չի բարձրացնում նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ընդհանուր ռիսկը։
Հետազոտողները ընդգծում են, որ սուրճը պարունակում է նաև բազմաթիվ այլ կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Դրանցից մի քանիսն օժտված են հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով, ինչը կարող է մասնակիորեն բացատրել արձանագրված օգտակար էֆեկտները։ Հետևաբար, դեռևս անհնար է հստակ որոշել, թե օգտակարության որ մասն է պայմանավորված հենց կոֆեինով։
Փորձագետների կարծիքով՝ շաքարի, բուրավետ օշարակների, սերուցքի կամ կաթի ավելացումը կարող է նվազեցնել առողջության համար սուրճի հնարավոր առավելությունները, սակայն դա հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։
Հեղինակները նաև նշում են, որ կոֆեինի տարբեր աղբյուրները տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա։ Եթե սուրճն ու թեյն ընդհանուր առմամբ ասոցացվում են սրտանոթային ավելի բարենպաստ ելքերի հետ, որովհետև էներգետիկ ըմպելիքները հաճախ պարունակում են կոֆեինի զգալիորեն ավելի բարձր խտություն և դրա ազդեցությունն ուժեղացնող այլ խթանիչ նյութեր։ Էներգետիկ «շոթերը» (խտացված ըմպելիքները) ծավալի մեկ միավորի հաշվարկով կարող են պարունակել երեքից չորս անգամ ավելի շատ կոֆեին, քան սովորական եփած սուրճը։
Էներգետիկներից ստացված կոֆեինի բարձր չափաբաժինները կապված են արտերիալ ճնշման բարձրացման և սրտի ռիթմի խանգարումների ռիսկի ավելացման հետ, այդ թվում՝ երիտասարդների շրջանում, ովքեր չունեն սրտանոթային հայտնի հիվանդություններ։
Առանձին վերլուծությունը ցույց է տվել, որ օրական 2–4 բաժակ սուրճի օգտագործումը կապված է սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության և ինսուլտի ռիսկի նվազման հետ։ Միևնույն ժամանակ, օրական չորս բաժակից ավելի օգտագործումը որոշ մարդկանց մոտ կարող է բարձրացնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը։
Արտերիալ ճնշման վրա սուրճի ազդեցության վերաբերյալ տվյալները հակասական են ստացվել։ Որոշ հետազոտություններում նորմալ ճնշում ունեցող մարդկանց կողմից օրական 1–3 բաժակ սուրճի օգտագործումն ուղեկցվել է հիպերտոնիայի զարգացման փոքր-ինչ ավելի բարձր ռիսկով, մինչդեռ երեք բաժակից ավելի օգտագործման դեպքում ռիսկը, ընդհակառակը, ավելի ցածր է եղել։ Ընդ որում, էներգետիկ ըմպելիքներից ստացված կոֆեինի մեծ չափաբաժինները կայուներեն առաջացրել են արտերիալ ճնշման բարձրացում, հատկապես արդեն իսկ հիպերտոնիա ունեցող անձանց մոտ։
Հետազոտողները նաև ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ չֆիլտրված սուրճը (օրինակ՝ էսպրեսոն, ֆրենչ-պրեսով պատրաստված սուրճը, թուրքական սուրճը կամ առանց ֆիլտրի եփված սուրճը) պարունակում է կաֆեստոլ նյութը, որը կարող է բարձրացնել ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը։ Ֆիլտրված և լուծվող սուրճի մեջ կաֆեստոլի պարունակությունը շատ քիչ է։
Հեղինակներն ընդգծում են, որ կոֆեինի նկատմամբ արձագանքն անհատական է և կախված է գենետիկ առանձնահատկություններից, տարիքից, նյութափոխանակությունից, ընդունվող դեղամիջոցներից և ուղեկցող հիվանդություններից։ Որոշ մարդկանց մոտ ժամանակի ընթացքում ձևավորվում է տանելիություն (տոլերանտություն) կոֆեինի նկատմամբ, մինչդեռ այլոց մոտ նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են առաջացնել սրտխփոց, տագնապայնություն կամ քնի խանգարումներ։
AHA-ի փորձագետները եզրակացնում են, որ սուրճի չափավոր օգտագործումն անվտանգ է մեծահասակների մեծ մասի համար, սակայն յուրաքանչյուր մարդու համար համապիտանի ունիվերսալ նորմ գոյություն չունի։ Ավելի հստակ հանձնարարականներ մշակելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ռանդոմիզացված կլինիկական հետազոտություններ՝ նվիրված սրտի և անոթների առողջության վրա կոֆեինի տարբեր աղբյուրների ազդեցությանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day