Միչիգանի համալսարանի գիտնականները հաստատել են փոքրահասակ երեխաների ատամնակարիեսի բուժման պարզ և մատչելի միջոցի արդյունավետությունը։ Կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է մինչև վեց տարեկան 830 երեխա։ Պարզվել է, որ արծաթի դիամին ֆտորիդի (Silver Diamine Fluoride, SDF) 38%-անոց լուծույթը, որը վնասված ատամին է քսվում ընդամենը մի քանի վայրկյանում, վեց ամիսը մեկ անգամ մշակելու դեպքում կանգնեցրել է կաթնատամների ավելի քան կեսի մոտ զարգացող կարիեսը։
Ի տարբերություն ավանդական բուժման՝ այս մեթոդը չի պահանջում հորատում, անզգայացում կամ լցանյութի տեղադրում։ Հետազոտողների խոսքով՝ այն անվտանգ է անգամ մեկ տարեկան երեխաների համար։
Կարիեսը շարունակում է մնալ երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ հիվանդությունը․ առանց բուժման այն կարող է ուժեղ ցավ, վարակներ, սնվելու և քնի հետ կապված խնդիրներ առաջացնել, իսկ ծանր դեպքերում՝ հանգեցնել ընդհանուր անզգայացմամբ վիրահատական միջամտության։
Մեթոդի հիմնական թերությունը կոսմետիկ է։ Լուծույթը կարիեսից վնասված ատամի հատվածն ընդմիշտ մուգ գույնով է ներկում։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են հիմք դառնալ, որպեսզի ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) պրեպարատը հաստատի հենց կարիեսի բուժման նպատակով։
Սա թույլ կտա SDF-ն ավելի լայնորեն կիրառել ատամնաբուժության և նույնիսկ մանկաբուժական պրակտիկայում՝ օգնելով երեխաներին բուժում ստանալ նախքան ցավի ու լուրջ բարդությունների ի հայտ գալը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day