• Latest news

Կլիմայի փոփոխության ֆոնին ԱՀԿ-ն թարմացրել է շոգից առողջության պաշտպանության ուղեցույցը

31 հուլիսի, 2026  15:56

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է թարմացված ուղեցույց՝ կոչ անելով եվրոպական երկրների կառավարություններին ծայրահեղ շոգից բնակչության պաշտպանությունը դարձնել հանրային առողջապահության ոլորտի պետական քաղաքականության մշտական մաս։ Պատճառը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմային ալիքների հաճախակիացումն ու ուժգնացումն է։

«Ջերմային ալիքների պայմաններում առողջության պաշտպանության գործողությունների ծրագրերի» երկրորդ հրատարակությունը փոխարինում է 2008 թվականի ուղեցույցին և հիմնված է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների շուրջ երկու տասնամյակի գիտական հետազոտությունների ու գործնական փորձի վրա։ Փաստաթուղթը հաշվի է առնում ջերմաստիճանի բարձրացման, բնակչության ծերացման և արագ քաղաքայնացման հետ կապված առողջապահական աճող ռիսկերը։

ԱՀԿ-ն առաջարկում է հրաժարվել այն մոտեցումից, որ ջերմային ալիքները դիտարկվում են որպես միանգամյա արտակարգ իրավիճակներ։ Փոխարենը երկրներին առաջարկվում է ստեղծել տարվա բոլոր եղանակներին գործող պատրաստվածության համակարգեր, որոնք թույլ կտան նախապես գնահատել ռիսկերը, պաշտպանել առավել խոցելի խմբերին և բարձրացնել առողջապահական համակարգերի դիմակայունությունը։

Թարմացված հայեցակարգը ներառում է գործողությունների ութ հիմնական ուղղություն՝ արդյունավետ կառավարում, շոգի մասին վաղ ազդարարման համակարգեր, բարձր ռիսկային խմբերի պաշտպանություն, բնակչության իրազեկում, առողջապահական համակարգի տոկունության բարձրացում, բարձր ջերմաստիճանի ազդեցության նվազեցում, համաճարակաբանական հսկողություն, ինչպես նաև մոնիթորինգ, արդյունավետության գնահատում և փորձի փոխանակում։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային նախագահ, դոկտոր Հանս Կլյուգեի խոսքով՝ նոր ուղեցույցը հիմնված է անդամ պետությունների իրական փորձի վրա և առաջարկում է գործնական լուծումներ, որոնք վերաբերում են քաղաքային «ջերմային կղզյակի» էֆեկտին, բնակչության ծերացմանը և միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությանը։ Նա ընդգծել է, որ այն պայմաններում, երբ ռեկորդային բարձր ջերմաստիճանը դառնում է նոր նորմ, վերջնական նպատակը պետք է լինի շոգի հետ կապված մահվան դեպքերի լիակատար կանխումը։

Փաստաթուղթը հրապարակվել է Եվրոպայում հերթական անոմալ շոգ ամառվանից հետո։ EuroMOMO-ի գնահատականներով՝ 2026 թվականի հունիսին և հուլիսին տևական ջերմային ալիքները դարձել են շուրջ 10 հազար հավելյալ մահվան պատճառ, ընդ որում՝ մահվան դեպքերից ավելի քան 9 հազարը գրանցվել է 65 և բարձր տարիքի անձանց շրջանում։

ԱՀԿ տվյալներով՝ Եվրոպան տաքանում է ավելի արագ, քան աշխարհի ցանկացած այլ տարածաշրջան։ Ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է ավելի հաճախակի և ինտենսիվ ջերմային ալիքների, իսկ քաղաքային «ջերմային կղզյակի» էֆեկտը քաղաքներում պայմաններն ավելի վտանգավոր է դարձնում։ Ծայրահեղ շոգը սրում է սրտանոթային, շնչառական և երիկամային հիվանդությունների ընթացքը, մեծացնում է շտապօգնության ծառայությունների և հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքը, ինչպես նաև բարձրացնում դժբախտ պատահարների և վարակիչ հիվանդությունների բռնկման ռիսկը։

ԱՀԿ-ն ներկայացնում է նաև հաջողված ազգային ծրագրերի օրինակներ։ Ֆրանսիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում գործում են շոգի մասին ազդարարման ինտեգրված համակարգեր, որոնք միավորում են օդերևութաբանական կանխատեսումներն ու հանրային առողջապահական միջոցառումները։ Սա իշխանություններին թույլ է տալիս նախապես պաշտպանական քայլեր ձեռնարկել՝ նախքան վտանգավոր բարձր ջերմաստիճանների վրա հասնելը։

Մեծ Բրիտանիայում գործում է «Անբարենպաստ եղանակային պայմանների արձագանքման և դրանց առողջապահական ազդեցության ծրագիրը» (Adverse Weather and Health Plan)՝ ազդարարման գունային համակարգով, որը մշակվել է Met Office ազգային օդերևութաբանական ծառայության հետ համատեղ։ Իտալիայում շոգի պայմաններում առողջության պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս բացահայտել ծայրահեղ շոգի նկատմամբ առավել խոցելի տարեցներին և բարձր ջերմաստիճանի ժամանակահատվածում նրանց համար կազմակերպել տնային այցելություններ, հեռաբժշկական հսկողություն և սոցիալական աջակցություն։

ԱՀԿ-ում ընդգծում են, որ հանրային առողջապահության, առողջապահական համակարգի, սոցիալական ծառայությունների, քաղաքաշինության և օդերևութաբանական ծառայությունների ավելի սերտ ինտեգրումը երկրներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ կանխատեսել ռիսկերը, պաշտպանել առավել խոցելի խմբերին և ստեղծել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն առողջապահական համակարգեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll