45-ից 65 տարեկանում զարկերակային նորմալ ճնշման պահպանումը, շաքարային դիաբետի բացակայությունն ու ծխելուց հրաժարվելը կապված են առանց դեմենցիայի ապրած լրացուցիչ մոտ 13 տարիների հետ։ Այս մասին ցույց է տվել NYU Langone Health բժշկական կենտրոնի գիտնականների նոր հետազոտությունը: Արդյունքները հրապարակվել են Neurology Open Access ամսագրում:
Գիտնականները վերլուծել են միջինում 56 տարեկան 12409 մարդու տվյալները և ուսումնասիրության սկզբում նրանց մոտ դեմենցիա չի նկատվել: Մասնակիցներին հետևել են միջինում 26 տարի՝ գնահատելով ռիսկի երեք գործոնները՝ բարձր ճնշումը, դիաբետը և ծխելը:
Հետազոտության ընթացքում 3008 մարդու մոտ դեմենցիա է զարգացել, իսկ 5238 մասնակից մահացել է՝ այդպես էլ չբախվելով այդ հիվանդությանը:
Այն մարդիկ, ովքեր չեն ունեցել ռիսկի գործոններից և ոչ մեկը, հետազոտության սկզբից ի վեր առանց դեմենցիայի ապրել են միջինում մոտ 30 տարի: Իսկ բոլոր երեք գործոններն ունեցող մասնակիցների մոտ այդ ժամանակահատվածը կազմել է մոտ 17 տարի:
Աշխատանքի հեղինակների խոսքով՝ արդյունքները ցույց են տալիս, թե որքան կարևոր է դեռ միջին տարիքում անոթային հիվանդությունների կանխարգելումը՝ ապագայում ուղեղի առողջությունը պահպանելու համար: Միևնույն ժամանակ, հետազոտությունը տարբերություններ է ի հայտ բերել խմբերի միջև. կանայք միջինում ավելի երկար են ապրել առանց դեմենցիայի, քան տղամարդիկ: Իսկ ռիսկի գործոնների նույն քանակն ունեցող մասնակիցների շարքում սպիտակամորթներն ավելի երկար են ապրել առանց դեմենցիայի, քան սևամորթները:
Գիտնականները նշում են, որ հետազոտությունը ցույց է տալիս կապը, բայց ուղղակի պատճառահետևանքային կապ չի ապացուցում այդ գործոնների բացակայության և դեմենցիայի կանխարգելման միջև: Բացի այդ, մասնակիցների առողջական վիճակը գնահատվել է ընդամենը մեկ անգամ, ուստի ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները հաշվի չեն առնվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day