• Latest news

Շաքարային դիաբետի դեմ հանրաճանաչ դեղերը կարող են վտանգավոր բարդություններ առաջացնել պացիենտների որոշ խմբերում․ LDE

2 սեպտեմբերի, 2026  23:37

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականների նոր ուսումնասիրության համաձայն՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող այն պացիենտների մոտ, ովքեր ունեն արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ, ցածր քաշ և նախկինում տարած կետոացիդոզ, SGLT2 ինհիբիտորներով բուժման ընթացքում զգալիորեն մեծանում է այս վտանգավոր բարդության զարգացման ռիսկը: Ընդ որում՝ ռիսկը պահպանվում է թերապիայի ողջ ընթացքում: Արդյունքները հրապարակվել են «The Lancet Diabetes & Endocrinology» ամսագրում:

SGLT2 ինհիբիտորները կիրառվում են 2-րդ տիպի դիաբետի բուժման համար և միաժամանակ ունակ են նվազեցնելու սրտանոթային ու երիկամային հիվանդությունների ռիսկը: Սակայն որոշ պացիենտների մոտ դրանք մեծացնում են դիաբետիկ կետոացիդոզի հավանականությունը: Սա հազվադեպ հանդիպող, բայց լուրջ վիճակ է, երբ ինսուլինի պակասի պատճառով օրգանիզմն սկսում է մեծ քանակությամբ կետոններ արտադրել: Այն հանգեցնում է թթվահիմնային հավասարակշռության խախտման, իսկ ծանր դեպքերում կարող է վտանգել մարդու կյանքը:

Հետազոտողները վերլուծել են Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի ազգային բժշկական ռեգիստրների տվյալները: Ուսումնասիրությանն ընդգրկվել է SGLT2 ինհիբիտորներ ստացող 2-րդ տիպի դիաբետով ավելի քան 280 հազար պացիենտ:

Կետոացիդոզի առավել բարձր ռիսկ է գրանցվել այն անձանց մոտ, ովքեր նախկինում արդեն տարել են այդ վիճակը, ունեցել են արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ, ցածր քաշ կամ թերսնման նշաններ: Բարձր ռիսկը կապված է եղել նաև նախկինում ունեցած հիպոգլիկեմիայի դրվագների հետ:

Ամենից հաճախ կետոացիդոզն առաջացել է ինֆեկցիայի ֆոնին․ դա եղել է ամենատարածված խթանող կամ ուղեկցող գործոնը: Այս բարդությամբ պացիենտների մոտ ավելի հաճախ են նկատվել նաև այլ սուր վիճակներ, այդ թվում՝ երիկամների ֆունկցիայի խանգարում, ինսուլտ և լուրջ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն:

Նախորդ ուսումնասիրությունները հիմնականում գնահատել են կետոացիդոզի ռիսկը բուժումն սկսելուց հետո առաջին ամիսներին: Նոր աշխատանքը ցույց է տվել, որ թեև բարդության առաջացման հավանականությունն իսկապես առավելագույն է թերապիայի սկզբում, այն բարձր է մնում դեղամիջոցների ընդունման ողջ ժամանակահատվածում:

«Մեր արդյունքները չեն նշանակում, թե նման բուժումից պետք է հրաժարվել: Խոսքը նախևառաջ այն մասին է, որ պետք է ավելի լավ բացահայտել բարձր ռիսկային խմբի պացիենտներին և ավելի անվտանգ կիրառել այս դեղամիջոցները», — նշել է Կարոլինսկայի ինստիտուտի բժշկության ամբիոնի դոցենտ Պետեր Ուեդան:

Հետազոտողները հուսով են, որ ստացված արդյունքները կօգնեն բժիշկներին ավելի կշռադատված որոշումներ կայացնել թերապիան նշանակելիս, իսկ պացիենտներին՝ ավելի լավ հասկանալ, թե որ իրավիճակներում դեղամիջոցի ընդունումը կարող է պահանջվել ժամանակավորապես դադարեցնել (օրինակ՝ սուր հիվանդության ժամանակ կամ վիրահատությունից առաջ):

Որպես հաջորդ քայլ՝ գիտնականները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել այն պացիենտներին, որոնց մոտ զարգանում է կետոացիդոզ SGLT2 ինհիբիտորներով բուժման ֆոնին, ինչպես նաև ժամանակակից հակադիաբետային դեղամիջոցների այլ հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll