• Latest news

Չափազանց տաք թեյն ու սուրճը եռապատկում են կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը․ International Journal of Cancer

12 սեպտեմբերի, 2026  18:24

Հետազոտությունը ցույց է տվել, որ չափազանց թեժ թեյի և սուրճի օգտագործումը կարող է եռապատկել կերակրափողի տափակբջջային քաղցկեղի առաջացման ռիսկը՝ տաք հեղուկների համեմատությամբ: Միևնույն ժամանակ, տաք ըմպելիքների օգտագործումը որևէ առնչություն չի ունեցել այս հիվանդության մյուս հիմնական տեսակի՝ կերակրափողի ադենոկարցինոմայի ռիսկի աճի հետ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Cancer ամսագրում։ Օքսֆորդի համալսարանի սննդաբան-համաճարակաբան Կերեն Պապիեի գլխավորած հեղինակային խումբը վերլուծել է Մեծ Բրիտանիայի շուրջ 980 հազար բնակչի տվյալները։ Մասնակիցների առողջական վիճակին հետևել են միջինում 14 տարի։

Հետազոտության սկզբում կամավորներին հարցրել են, թե ինչ ջերմաստիճանի տաք ըմպելիք են նախընտրում։ Նրանք կարող էին ընտրել «շատ տաք», «տաք», «գոլ» տարբերակները կամ նշել, որ առհասարակ նման ըմպելիքներ չեն խմում։ Նշենք, որ հեղուկի հստակ ջերմաստիճանը չի չափվել։

Հաշվի առնելով օրական խմածի քանակը՝ պարզվել է, որ շատ տաք ըմպելիքներ նախընտրողների մոտ կերակրափողի տափակաբջջային քաղցկեղի վտանգը մոտ երեք անգամ ավելի մեծ է եղել, քան գոլ հեղուկ օգտագործողների մոտ։ Գիտնականները կապ են հայտնաբերել նաև խմածի քանակի և հիվանդության ռիսկի միջև. օրական վեց կամ ավելի բաժակ տաք ըմպելիք խմողների մոտ այդ քաղցկեղի վտանգը 71%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են խմել։

Կերակրափողի ադենոկարցինոմայի դեպքում նման օրինաչափություն չի հայտնաբերվել։

Այս արդյունքները համահունչ են Ասիայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Մերձավոր Արևելքում ավելի վաղ արված հետազոտություններին, որտեղ մոտ 70°C և ավելի բարձր ջերմաստիճանի թեյ կամ սուրճ խմելը նույնպես կապում էին կերակրափողի քաղցկեղի բարձր ռիսկի հետ։

Ենթադրվում է, որ շատ տաք հեղուկը կարող է վնասել կերակրափողի լորձաթաղանթի բջիջները՝ մեծացնելով ուռուցքի զարգացման հավանականությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կազմում գործող Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը դեռ 2016 թվականին խիստ տաք ըմպելիքների գործածումը դասել է կերակրափողի քաղցկեղի հավանական պատճառների շարքին։

Գիտնականները կարծում են, որ ըմպելիքը մի փոքր սառեցնելը կարող է դառնալ այս հիվանդության կանխարգելման պարզ, բայց արդյունավետ միջոցներից մեկը։
Նրանց գնահատմամբ՝ Մեծ Բրիտանիայում կերակրափողի տափակաբջջային քաղցկեղի մոտավորապես ամեն յոթերորդ դեպքը տեսականորեն հնարավոր կլիներ կանխել, եթե շատ տաք թեյ կամ սուրճ սիրող մարդիկ դրանք խմեին ավելի ցածր ջերմաստիճանով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll