Գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի կեղևում հազվագյուտ նեյրոններ, որոնք կարող են նպաստել քնի առաջացմանը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կեղևը պարզապես չի անցնում հանգստի վիճակի՝ ավելի խորքային կառուցվածքների ազդեցությամբ, այլ ինքն է ունակ սկսել և համաժամանակեցնել քնի համար բնորոշ ակտիվությունը։ Հետազոտությունը Ռենատա Բատիստա-Բրիտոյի ղեկավարությամբ Իկանի բժշկական դպրոցի (Mount Sinai Hospital) գիտնականների կողմից հրապարակվել է Nature ամսագրում։
Խոսքը վերաբերում է Sst-Chodl նեյրոններին, որոնք կազմում են կեղևի բոլոր նեյրոնների ընդամենը մոտ 0,2%-ը։ Ի տարբերություն մեծամասնության արգելակող նեյրոնների, որոնք հիմնականում փոխազդում են հարևան բջիջների հետ, այս նեյրոններն ունեն հեռավոր կապեր և կարող են ազդել կեղևի մեծ հատվածների ակտիվության վրա։
Հետազոտողները ուսումնասիրել են այս նեյրոնների աշխատանքը մկների մոտ։ Արթնության վիճակում Sst-Chodl բջիջները հիմնականում անգործունակ էին։ Երբ կենդանիները սկսում էին քնել և անցնում էին խորը դանդաղ քնի, այս նեյրոնների ակտիվությունը աճում էր՝ զուգահեռ կեղևում դանդաղ և համաժամանակյա ռիթմերի առաջացմանը, որոնք բնորոշ են քնին։
Գիտնականները պարզել են, որ նեյրոնները պարզապես չեն արձագանքում քնի առաջացմանը։ Երբ նրանք արհեստականորեն ակտիվացրել են Sst-Chodl բջիջները, նեոկորտեքսում էլեկտրական ակտիվությունը դարձել է ավելի դանդաղ և համաժամանակյա՝ ստանալով քնին բնորոշ հատկանիշներ։ Նման խթանումը նաև ստիպել է մկներին ավելի հեշտ քնել և երկարացրել է նրանց քնի տևողությունը։
Բատիստա-Բրիտոն նշել է, որ սա վկայում է, որ տվյալ նեյրոնները կարող են անմիջականորեն մասնակցել ուղեղի անցմանը արթնությունից քնի, այլ ոչ միայն ակտիվանալ նրա սկսվելուց հետո։
Հատուկ հետաքրքրություն է առաջացրել այն փաստը, որ Sst-Chodl նեյրոնները պահպանվել են էվոլյուցիայի ընթացքում հարյուր միլիոնավոր տարիներ։ Դրանք հայտնաբերվել են երկկենցաղների, սողունների և կաթնասունների, ներառյալ մարդու մոտ։ Միևնույն ժամանակ դրանց դերը օրգանիզմում մինչև այժմ քիչ էր ուսումնասիրված։ Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել դրանց մասնակցությունը կեղևի ակտիվության համաժամանակեցմանը և քնի կարգավորմանը, սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք դրանք նույն գործառույթն ունեն մարդկանց մոտ։
Հետազոտողները նաև ենթադրում են, որ այս նեյրոնները կարող են ինչ-որ կերպ արձագանքել ուղեղի քնի պահանջի աճին։ Արթնության ընթացքում, այսպես կոչված, քնի ճնշումը աստիճանաբար մեծանում է, սակայն դեռևս տվյալներ չկան, թե արդյոք Sst-Chodl բջիջները կարող են ճանաչել այդ ազդանշանը կամ ապահովել ուղեղի անցումը քնի՝ դրա հիման վրա։
Բացահայտումը կարող է օգնել ուսումնասիրել քնի խանգարումների մեխանիզմները տարբեր նյարդաբանական, նյարդազարգացման և հոգեկան հիվանդությունների դեպքում, ներառյալ Ալցհեյմերի հիվանդությունը և աուտիստական սպեկտրի խանգարումները։ Գիտնականներին դեռևս պետք է պարզել՝ փոխվում է արդյոք այս նեյրոնների աշխատանքը քնի խանգարումների ժամանակ և կարող է արդյոք դրանց խափանումը նպաստել նման վիճակների զարգացմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day