• Latest news

Առողջության 5 գործոնները տղամարդկանց կյանքը կարող են երկարացնել 11 տարով․ EJPC

14 սեպտեմբերի, 2026  12:40

Միջին տարիքում ծխելուց հրաժարվելը, նորմալ քաշը, արյան ճնշման, խոլեստերինի և շաքարի առողջ ցուցանիշները կապված են կյանքի տևողության՝ միջինում շուրջ 11 տարվա ավելացման հետ․ նման եզրահանգման են եկել ֆինն գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Preventive Cardiology ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 1919-1934 թվականներին ծնված 2690 տղամարդկանց տվյալները, որոնք բուժզննում են անցել «Բիզնեսմենների հելսինկյան հետազոտության» շրջանակում։ Մասնակիցներին հետևել են միջինում 40 տարի (մինչև 2025 թվականի հունվարը)։

Առողջության համար բարենպաստ գործոնների շարքին հետազոտողները դասել են ծխելուց հրաժարվելը, մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից ցածր պահելը, սիստոլիկ ճնշումը 140 մմ սնդիկի սյունից ցածր լինելը, ընդհանուր խոլեստերինը 6,0 մմոլ/լ-ից ցածր լինելը և հատուկ լուծույթի ընդունումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակի «տատանումների» բացակայությունը։

Տղամարդիկ, որոնք չեն ունեցել նշված հինգ գործոններից և ոչ մեկը, առաջին զննումից հետո ապրել են միջինում 31,8 տարի։ Բոլոր հինգ բարենպաստ ցուցանիշներն ունեցող մասնակիցները՝ 42,7 տարի, այսինքն՝ գրեթե 11 տարի ավելի երկար։

«Մինչև 90 տարեկան ապրելու հավանականությունը նույնպես էապես տարբերվել է․ այդ տարիքին հասել են բարենպաստ գործոններ չունեցող տղամարդկանց 6,8%-ը և բոլոր հինգ ցուցանիշներն ունեցող մասնակիցների 41,9%-ը», — նշել են գիտնականները։

Հետազոտողները գնահատել են նաև տարեց հասակի հասած մասնակիցների առողջական վիճակը։ Զրո կամ մեկ բարենպաստ գործոն ունեցող տղամարդկանց 24,5%-ի մոտ ի հայտ են եկել ծերունական թուլության՝ ֆիզիկական ուժի և դիմացկունության նվազման նշաններ։ Բոլոր հինգ ցուցանիշներն ունեցող խմբում նման մասնակիցները կազմել են 2,2%։

Բացի այդ, սիրտ-անոթային բարենպաստ ցուցանիշներով տղամարդիկ միջինում ավելի բարձր են գնահատել իրենց ֆիզիկական վիճակը, էներգիայի մակարդակը, ցավի բացակայությունը, սոցիալական ակտիվությունն ու ընդհանուր առողջությունը։

Միևնույն ժամանակ հետազոտությունը չի ապացուցում, որ հենց այս հինգ գործոններն են ուղղակիորեն երկարացնում կյանքը տարիքային և սեռային բոլոր խմբերում։ Հեղինակների խոսքով՝ մասնակիցները հիմնականում եղել են միևնույն սոցիալական դասի և էթնիկ խմբի տղամարդիկ, արդյունքները չեն կարող ավտոմատ տարածվել բոլոր մարդկանց վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll