Գիտնականներն ստեղծել են հակամարմիններ, որոնք ընդունակ են արգելափակել Էպշտեյն-Բարի վիրուսը։ Այն աշխարհում ամենատարածված վիրուսներից է, որով վարակված է չափահաս բնակչության շուրջ 90-95%-ը։ Մկների վրա կատարված փորձարկումներում հակամարմիններից մեկն արդյունավետ պաշտպանական ազդեցություն է ցույց տվել։ Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports Medicine ամսագրում։
Գիտական աշխատանքն իրականացրել են Ֆրեդ Հաչինսոնի անվան քաղցկեղի հետազոտական կենտրոնի և Վաշինգտոնի համալսարանի մասնագետները։ Հետազոտական թիմը հայտնաբերել է տասը նոր հակամարմին, որոնք թիրախավորում են վիրուսի մակերեսային երկու սպիտակուցները՝ gp350-ը և gp42-ը։ Հենց դրանց միջոցով է վիրուսը ներթափանցում B-լիմֆոցիտների մեջ։ Արգելափակելով այդ փոխազդեցությունը՝ հակամարմինները թույլ չեն տալիս, որ վիրուսը վարակի բջիջները և կրկին ակտիվանա։
Էպշտեյն-Բարի վիրուսը սովորաբար աննկատ է ապրում օրգանիզմում, սակայն թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար այն վտանգավոր է։ Հատկապես խոցելի են օրգանների փոխպատվաստում անցած պացիենտները, ովքեր ընդունում են իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ։ Նրանց մոտ վիրուսի վերակտիվացումը կարող է հանգեցնել հետփոխպատվաստումային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների՝ բջիջների անվերահսկելի բազմացմամբ պայմանավորված ծանր բարդության։
Այս հակամարմինները ստանալու համար գիտնականներն օգտագործել են հատուկ բուծված մկների, որոնք մարդկային հակամարմիններ են արտադրում։ Հետազոտությունն առայժմ նախակլինիկական փուլում է. առջևում անվտանգության ստուգումն ու մարդկանց վրա կլինիկական փորձարկումներն են։ Այդուհանդերձ, սա կարևոր քայլ է համարվում առավել խոցելի պացիենտներին պաշտպանելու, իսկ հեռանկարում՝ նաև պատվաստանյութ ստեղծելու ճանապարհին։ Հատկանշական է, որ այս վիրուսի հետ են կապում նաև ցրված սկլերոզն ու մի շարք քաղցկեղային հիվանդություններ։
Բացի այդ, վիրուսն առաջացնում է քաջ հայտնի ինֆեկցիոն մոնոնուկլեոզը («համբույրների հիվանդություն»), որով մարդկանց մեծ մասը վարակվում է դեռ մանկության կամ պատանեկության տարիներին։ Չնայած լայն տարածվածությանը՝ այս վիրուսի դեմ հաստատված պատվաստանյութ մինչ օրս չկա, որի պատճառով էլ բջիջ ներթափանցելու պահին վիրուսն արգելափակող մեթոդները գնալով ավելի մեծ ուշադրություն են գրավում ամբողջ աշխարհի հետազոտողների շրջանում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day