• Latest news

Մագնիսական իմպուլսները ստիպել են իմունային բջիջներին պայքարել քաղցկեղի դեմ․ SMed

17 սեպտեմբերի, 2026  08:38

Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականներին հաջողվել է իմպուլսային էլեկտրամագնիսական դաշտերի միջոցով վերածրագրավորել կրծքագեղձի ուռուցքի ներսում գտնվող իմունային բջիջները՝ ստիպելով դրանց հարձակվել քաղցկեղածին բջիջների վրա։ Նախակլինիկական փորձարկումներում այս մեթոդը 75% դեպքերում հանգեցրել է ուռուցքի ամբողջական անհետացմանը՝ 30-րոպեանոց ընդամենը չորս սեանսից հետո։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Smart Medicine ամսագրում։

Հետազոտողները ներազդել են մակրոֆագերի վրա․ դրանք իմունային համակարգի այն բջիջներն են, որոնք ուռուցքի առկայության դեպքում հաճախ դադարում են պայքարել քաղցկեղի դեմ և, ընդհակառակը, նպաստում են դրա աճին։ Մագնիսական իմպուլսների շնորհիվ գիտնականներին հաջողվել է փոխել դրանց վիճակը՝ M2-մակրոֆագերը վերածելով M1 բջիջների, որոնք ընդունակ են հարձակվել և կլանել ուռուցքային բջիջները։

Այս գործընթացում առանցքային դեր է խաղում TRPC1 սպիտակուցը․ այն մասնակցում է բջջի ներսում ազդանշանների փոխանցմանը և կարող է արձագանքել մագնիսական դաշտին։ Իմպուլսային էլեկտրամագնիսական դաշտի տասնրոպեանոց ազդեցությունն ակտիվացրել է այս սպիտակուցը՝ թափ հաղորդելով ազդանշանային շղթային, որն էլ փոխել է մակրոֆագերի աշխատանքը։

Ընդ որում, ներգործությունն ուղղված է եղել բացառապես ուռուցքային հյուսվածքին և քիմիաթերապևտիկ դեղամիջոցների ներարկման կարիք չի եղել։ Հեղինակները նշում են, որ սա պոտենցիալ հնարավորություն է տալիս խուսափել քիմիաթերապիային բնորոշ մի շարք կողմնակի ազդեցություններից։ Ավելի վերջերս նույն հետազոտական խումբը ցույց էր տվել, որ իմպուլսային էլեկտրամագնիսական դաշտերը կարող են ուժեղացնել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների կողմից դոքսորուբիցինի յուրացումը։

Մեթոդը դեռևս փորձարարական է, և մարդկանց վրա դրա արդյունավետությունը դեռ ստուգված չէ։ Հետազոտողների խոսքով՝ կիրառված սարքն արդեն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, որը հաստատել է դրա անվտանգությունը, իսկ հաջորդ քայլը լինելու է արդյունավետության ստուգումը։ Գիտնականները ծրագրում են նաև պարզել՝ հնարավոր է արդյոք էլեկտրամագնիսական դաշտերի կիրառումը համատեղել քիմիաթերապիայի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll