• Latest news

Ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ երկարատև COVID-ը կարող է վնասել դոֆամինային նեյրոնները

23 սեպտեմբերի, 2026  14:30

Գլխուղեղի ուսումնասիրությունը նոր ապացույցներ է ի հայտ բերել, որ երկարատև քովիդը (long COVID) կարող է պայմանավորված լինել դոֆամին արտադրող նեյրոնների վնասմամբ։ Սա կարող է բացատրել որոշ պացիենտների մոտ պահպանվող ախտանշանները, այդ թվում՝ հոգնածությունը, մոտիվացիայի անկումը, շարժումների դանդաղումն ու հիշողության խնդիրները։

Կախվածությունների և հոգեկան առողջության կենտրոնի (CAMH) գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ երկարատև քովիդ ունեցող մարդկանց մոտ դոֆամինային նեյրոնների առողջության ցուցիչը (մարկերը) զգալիորեն ցածր է: eBioMedicine ամսագրում հրապարակված այս արդյունքները կարող են նոր ուղիներ բացել այս վիճակի ուսումնասիրության և բուժման համար։

Ըստ գնահատականների՝ երկարատև քովիդն ազդում է աշխարհի բնակչության մոտ 5%-ի վրա։ Ախտանշանները կարող են պահպանվել վարակվելուց հետո առնվազն երեք ամիս՝ դրսևորվելով արտահայտված հոգնածությամբ, «ուղեղի մշուշով», հիշողության վատթարացմամբ և տրամադրության անկմամբ։ Չնայած խնդրի լայն տարածմանը՝ ներկայումս չկան ապացուցված բուժման մեթոդներ, որոնք անմիջականորեն կթիրախավորեն դրա հիմքում ընկած կենսաբանական մեխանիզմները։

Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները կիրառել են պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ)՝ ուսումնասիրելու դոֆամինային նեյրոնների վիճակի ու ամբողջականության հետ կապված կենսաբանական մարկերը։ Երկարատև քովիդ ունեցող անձանց գլխուղեղի սկանավորման տվյալները համեմատվել են առողջ մասնակիցների արդյունքների հետ։

Հետազոտողները պարզել են, որ երկարատև քովիդ ունեցող մարդկանց մոտ այս մարկերի մակարդակը զգալիորեն ցածր է ստրիատումի (զոլավոր մարմնի) բոլոր հիմնական հատվածներում։ Ստրիատումը կարևոր դեր է խաղում մոտիվացիայի, շարժումների և կոգնիտիվ գործընթացների կարգավորման հարցում։ Մարկերի մակարդակի նվազումը վկայում է դոֆամին արտադրող նյարդային վերջավորությունների խտության պակասի մասին։

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ այս փոփոխությունների բնույթն ու տեղակայումը փոխկապակցված են տարբեր ախտանշանների հետ։ Վենտրալ ստրիատումում մարկերի ավելի ցածր մակարդակը հանգեցնում էր մոտիվացիայի ավելի ցայտուն անկման։ Պուտամենի (կճեպի) դորսալ հատվածում դրա նվազումն ասոցացվում էր շարժումների դանդաղեցման, իսկ պոչավոր կորիզում և պուտամենում առկա փոփոխությունները՝ հիշողության խնդիրների հետ։

«Մեր ստացած արդյունքները համոզիչ կերպով վկայում են, որ երկարատև քովիդը հանգեցնում է դոֆամին արտադրող նեյրոնների կորստի», — նշել է հետազոտության ավագ հեղինակ, CAMH-ի Գլխուղեղի առողջության վիզուալիզացիայի կենտրոնի ավագ գիտաշխատող և Կանադայի հետազոտական ամբիոնի դոկտոր Ջեֆրի Մեյերը։

Նույն գիտական խմբի նախորդ ուսումնասիրությունը ցույց էր տվել գլխուղեղում բորբոքման անսովոր բարձր մակարդակ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն երկարատև քովիդ, հատկապես այն գոտիներում, որտեղ դոֆամինային նեյրոնների մեծ կուտակումներ կան:

Գիտնականները ենթադրում են, որ այս երևույթները փոխկապակցված են: Հայտնի է, որ գլխուղեղի բորբոքումը կարող է վնասել դոֆամինային նեյրոնները։ Նոր հետազոտությունն արձանագրել է դոֆամինային նեյրոնների մարկերի նվազում հենց այն հատվածներում, որտեղ նախկինում բարձր բորբոքային ֆոն էր հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ, տվյալները մատնանշում են երկարատև քովիդ ունեցող մարդկանց մոտ գլխուղեղում պահպանվող բորբոքման և դոֆամինային համակարգի վնասման միջև հավանական կապը։

Ըստ մասնագետների՝ այս բացահայտումը կարող է նաև փոխել բուժման մեթոդների ապագա որոնումների ուղղվածությունը։ Թեև շատ աշխատություններ նվիրված են բորբոքումներին և իմունային համակարգի փոփոխություններին, համեմատաբար քիչ կլինիկական հետազոտություններ են անմիջականորեն թիրախավորում դոֆամինային նեյրոնները։

Մեյերը ենթադրել է, որ դոֆամինային համակարգի աշխատանքը խթանող դեղամիջոցները (ներառյալ դոֆամինի նախորդները և դրա նյութափոխանակությունը արգելակող միջոցները) հետագայում կարող են ուսումնասիրվել որպես երկարատև քովիդի բուժման պոտենցիալ տարբերակներ։

Առաջիկա ամիսներին հետազոտական խումբը նախատեսում է սկսել կլինիկական փորձարկումներ՝ պարզելու, թե արդյոք դոֆամինային համակարգի ակտիվության փոփոխությունը կարող է մեղմացնել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են հոգնածությունը, հիշողության խնդիրներն ու մոտիվացիայի պակասը։

Պլանավորված ուսումնասիրությունը կիրականացվի Համալսարանական առողջապահական ցանցի (University Health Network) հետ համատեղ։ Աշխատանքն աջակցություն է ստացել Կանադայի Առողջապահական հետազոտությունների ինստիտուտների կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll