• Latest news▼

Կարո՞ղ է Երկրի մագնիսական դաշտը ազդել ծերացման գործընթացի վրա

26 սեպտեմբերի, 2026  10:28

Պտղաճանճերի մասնակցությամբ կատարված հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ Երկրի մագնիսական դաշտի ազդեցությունից պաշտպանվելը կարող է փոխել միտոքոնդրիումների աշխատանքը, կյանքի տևողությունը և ֆիզիկական ակտիվությունը, ընդ որում՝ ազդեցությունը կարող է միանգամայն տարբեր լինել՝ կախված միտոքոնդրիումների վիճակից։ «Aging» ամսագրում հրապարակված այս աշխատանքի արդյունքները թույլ են տալիս նորովի դիտարկել, թե շրջակա միջավայրի այս անտեսանելի ուժն ինչպես կարող է ազդել հիմնարար կենսաբանական գործընթացների վրա. սա էլ իր հերթին կարող է փոխել ծերացման և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին մեր պատկերացումները: Հետազոտությունն իրականացրել են Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր Լիզա Չակրաբարտին և Ջեյքոբ Ռիդը:

Պրոֆեսոր Չակրաբարտին նշել է. «Մենք մեր ողջ կյանքն ապրում ենք Երկրի մագնիսական դաշտում։ Այն անցնում է մեր մարմնի, բջիջների և մոլորակի յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի միջով, բայց մենք զարմանալիորեն քիչ բան գիտենք այն մասին, թե արդյոք այս անտեսանելի ուժն ազդո՞ւմ է մեր բջիջների աշխատանքի վրա, և եթե այո, ապա ինչպե՞ս։ Մեր ստացած արդյունքները հուշում են, որ Երկրի մագնիսական դաշտը կենսաբանական միջավայրի անբաժան մասն է, որին կյանքը հարմարվել է էվոլյուցիայի ընթացքում, – հաղորդում է «Научная Россия»-ն: – Եթե հասկանանք, թե ինչպես են բջիջներն ընկալում մագնիսական դաշտերն ու արձագանքում դրանց, հնարավոր կլինի ծերացման և հիվանդությունների ժամանակ միտոքոնդրիումների աշխատանքը կառավարելու նոր ուղիներ գտնել»։

Հետազոտական խումբն ուսումնասիրել է, թե ինչ է տեղի ունենում, երբ Երկրի մագնիսական դաշտը գրեթե ամբողջությամբ վերանում է: Մագնիսական էկրանավորման հատուկ մշակված համակարգի միջոցով գիտնականները պտղաճանճերի շուրջ մագնիսական դաշտը նվազեցրել են գրեթե մինչև զրոյի: Նրանք առողջ ճանճերին համեմատել են Pink1 գենի արատ ունեցող առանձնյակների հետ. մարդկանց մոտ այս գենը կապված է Պարկինսոնի հիվանդության ժառանգական վաղ փուլի հետ:

Արդյունքներն ապշեցուցիչ էին: Pink1 գենի արատով ճանճերի մեկուսացումը Երկրի մագնիսական դաշտից 20%-ով ավելացրեց նրանց կյանքի տևողությունը, թեև դրան զուգահեռ նրանց ֆիզիկական ակտիվությունը նվազեց։ Առողջ ճանճերն արձագանքեցին բոլորովին այլ կերպ. նրանց կյանքի տևողությունը չփոխվեց, բայց շարժունակությունը բարելավվեց:

Հետազոտողներն այս երևույթները պայմանավորեցին միտոքոնդրիումներով՝ բջիջների ներսում գտնվող մանրագույն կառույցներով, որոնք պատասխանատու են կյանքի համար անհրաժեշտ էներգիայի մեծ մասի արտադրության համար: Մագնիսական դաշտի թուլացման ժամանակ փոխվում էր միտոքոնդրիումների էներգետիկ նյութափոխանակությունը, ինչպես նաև սուպերօքսիդի՝ միտոքոնդրիումների կողմից արտադրվող բարձր ռեակտիվ մոլեկուլի մակարդակը։ Թիմն այս փոփոխությունները հայտնաբերել է գերզգայուն քվանտային սենսորների և բարձր լուծաչափով կատարված միտոքոնդրիալ շնչառության չափումների օգնությամբ:

Գիտափորձերը ցույց են տալիս, որ օրգանիզմը շրջապատող մագնիսական միջավայրը կարող է ազդել հիմնարար կենսաբանական գործընթացների վրա՝ ներառյալ էներգիայի արտադրությունը, ֆիզիկական ակտիվությունը և կյանքի տևողությունը։

Կարևոր է նշել, որ այդ ազդեցությունը միանշանակ «լավ» կամ «վատ» չէր։ Մագնիսական միջավայրի միևնույն փոփոխությունը հանգեցնում էր միանգամայն տարբեր արդյունքների՝ կախված միտոքոնդրիումների վիճակից: Սա թույլ է տալիս ենթադրել, որ հենց օրգանիզմի մետաբոլիկ վիճակն է կանխորոշում դրա արձագանքը մագնիսական դաշտի լարվածության փոփոխություններին:

Դոկտորանտ Ջեյքոբ Ռիդը հավելել է. «Այս ոլորտում հետազոտությունները շատ չեն, և դրանք հիմնականում նվիրված են կա՛մ նրան, թե ինչպես են չվող կենդանիները զգում մագնիսական դաշտերը, կա՛մ տիեզերական ճանապարհորդություններին մարդկանց նախապատրաստելուն: Այնուամենայնիվ, մենք դեռ շատ քիչ բան գիտենք, թե ինչու է մագնիսական դաշտը անհրաժեշտ բոլոր կենդանի օրգանիզմների բնականոն գործունեության համար: Այս նախագծի շրջանակում ֆիզիկայի, ինժեներիայի և կենսաբանության ոլորտի մասնագետները նոր, նեղ մասնագիտացված մեթոդների ու սարքավորումների միջոցով ուսումնասիրել են պտղաճանճերին՝ հետազոտելու ոչ միայն դրանց ֆիզիոլոգիան, այլև պաթոլոգիան: Սա նոր հնարավորություններ է բացում միտոքոնդրիումների վրա ոչ ինվազիվ մեթոդներով ներգործելու համար, ինչի պակասն այդքան զգացվում էր հիվանդությունների բուժման ժամանակ։ Հուսանք, որ այս հետազոտությունը թույլ կտա գիտական նեղ շրջանակներից դուրս ևս արժևորել և ընդգծել մագնիսական դաշտերի հիմնարար դերը կյանքի համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll