• Latest news▼

ԱՄՆ-ում երիտասարդ չափահասների շրջանում կաթվածների հաճախականությունը 30 տարում գրեթե կրկնապատկվել է․ Neurology

26 սեպտեմբերի, 2026  17:39

ԱՄՆ-ում 20-ից 54 տարեկան չափահասների շրջանում կաթվածների հաճախականությունը 1993-2020 թվականների ընթացքում գրեթե կրկնապատկվել է։ Ընդ որում, ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ողջ մնում կաթվածից հետո, ինչը կարող է հանգեցնել դրա երկարատև հետևանքներով ապրող մարդկանց թվի աճին։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի հետազոտողները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Neurology» ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Ցինցինատիի և Հյուսիսային Քենթուքիի տարածաշրջանի բնակիչների՝ գրեթե երեք տասնամյակի բժշկական տվյալները։ Նրանք 20-ից 54 տարեկան անձանց շրջանում առաջին անգամ արձանագրված կաթվածի ավելի քան 2000 դեպք են հայտնաբերել։

Ուսումնասիրության սկզբնական շրջանում կաթվածի հաճախականությունը կազմում էր մոտ 34 դեպք՝ 100 հազար մարդ-տարվա հաշվարկով, իսկ 2020 թվականին այդ ցուցանիշը գերազանցել է 62-ը։ «Մարդ-տարի» ցուցանիշը միաժամանակ հաշվի է առնում հետազոտության մասնակիցների թիվը և նրանց նկատմամբ դիտարկման տևողությունը։

Ցուցանիշի աճին հիմնականում նպաստել են իշեմիկ կաթվածները, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ անոթի խցանման պատճառով խանգարվում է ուղեղի որոշակի հատվածի արյան մատակարարումը։

Հետազոտողները պարզել են նաև, որ կաթված տարած երիտասարդների շրջանում ժամանակի ընթացքում ավելի հաճախ են հանդիպել բարձր զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետը, նախասրտերի ֆիբրիլյացիան և հոգեակտիվ նյութերի օգտագործումը։

Հատկապես ակնառու աճել է նման նյութեր օգտագործած պացիենտների մասնաբաժինը՝ 1993–1994 թվականներին գրանցված 5%-ից պակաս ցուցանիշից 2020 թվականին հասնելով մոտ 40%-ի։ Այս աճի զգալի մասը բաժին է ընկել մարիխուանայի օգտագործմանը։

Այնուամենայնիվ, հետազոտությունը թույլ չի տալիս հստակ սահմանել՝ արդյոք հենց այս գործոններն են եղել կաթվածների հաճախականության աճի պատճառը։

Միևնույն ժամանակ, կաթվածից հետո առաջին 30 օրվա ընթացքում մահացության մակարդակը փոքր-ինչ նվազել է։ Աշխատանքի հեղինակների կարծիքով՝ սա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ կարող են ողջ մնալ կաթվածից հետո, սակայն բախվել դրա երկարատև հետևանքներին ու հաշմանդամությանը։

«Թեև կաթվածն ավանդաբար համարվել է տարեցների հիվանդություն, մեր արդյունքները ցույց են տալիս, որ այն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում երիտասարդների շրջանում», — նշել է հետազոտության հեղինակ, Ցինցինատիի համալսարանից Էմիլի Ֆիշերը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դեռևս երիտասարդ տարիքից ավելի արդյունավետ հայտնաբերել ու վերահսկել կաթվածի ռիսկի գործոնները, ինչպես նաև ուսումնասիրել նկատվող այս միտման պատճառները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll