• Latest news▼

Սննդակարգում աղի ավելցուկը կարող է մեծացնել լյարդի ճարպակալման ռիսկը նաև նիհարների մոտ․ MM

30 սեպտեմբերի, 2026  12:23

Աղի բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է լյարդի ճարպային հիվանդության ծանր ձևի հանգեցնել նույնիսկ մարմնի նորմալ քաշ ունեցողների մոտ։ Սինգապուրի «Դյուկ-ՆՈՒՍ» բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են այն մեխանիզմը, որով աղի ավելցուկը փոխում է լյարդում ճարպային փոխանակությունը և բորբոքային գործընթացներ ակտիվացնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Metabolism ամսագրում։

Մասնագետներն ուսումնասիրել են նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված ոչ ալկոհոլային ստեատոզը (MASH)։ Սա լյարդի ճարպային հիվանդության ծանր ձև է, որի դեպքում բորբոքումն աստիճանաբար վնասում է օրգանը և կարող է հանգեցնել ֆիբրոզի, ցիրոզի, լյարդային անբավարարության ու քաղցկեղի։

Սովորաբար MASH-ը կապում են գիրության և նյութափոխանակության խանգարումների հետ։ Այնուամենայնիվ, այս հիվանդությունը հետզհետե ավելի հաճախ է ախտորոշվում նաև մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող մարդկանց մոտ, ինչն անվանում են «նիհար» ստեատոզ։ Ընդ որում, որոշ պացիենտների լյարդում ճարպի քանակը համեմատաբար քիչ է լինում, սակայն հյուսվածքների բորբոքումն ու սպիացումն ավելի ակնառու են արտահայտված։

Հիվանդության այս տեսակն ուսումնասիրելու համար գիտնականները «նիհար» MASH են առաջացրել լաբորատոր մկների մոտ։ Այս մոդելը ճշգրտորեն արտացոլում էր հիվանդության հիմնական առանձնահատկությունները՝ լյարդում ճարպի համեմատաբար փոքր ծավալ՝ հյուսվածքների ուժգին բորբոքման և վնասման ֆոնին։

Փորձը ցույց է տվել, որ կերակրի աղի ավելցուկը փոխում է լյարդի փոխազդեցությունը ճարպերի հետ։ Մասնավորապես՝ արագանում է ճարպերի ճեղքումը, և միաժամանակ ակտիվանում են բորբոքումն աջակցող իմունային բջիջները։ Արդյունքում ախտաբանական գործընթացը կարող է զարգանալ նույնիսկ առանց գիրության։

Հետազոտողների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ ավելորդ քաշի բացակայության դեպքում ճարպային ստեատոզը զարգանում է այլ բենաբանական մեխանիզմով, քան գիրության հետ կապված հիվանդությունը։ Հետևաբար, դեղամիջոցները տարբեր պացիենտների վրա կարող են տարբեր կերպ ազդել։

Հետազոտության հաջորդ փուլում գիտնականները նախատեսում են գտնել «նիհար» MASH-ի վաղ բիոմարկերները և փորձարկել այնպիսի դեղամիջոցներ, որոնք ընդունակ են արգելափակել աղի ավելցուկի հետ կապված բորբոքային գործընթացները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll